Երուսաղեմի Տաճարի լեռան մոտ հնագետները հայտնաբերել են մոտ 2700 տարվա վաղեմության կավե սալիկի բեկոր, որը, ըստ հետազոտողների, Ասորական և Հրեական տերությունների միջև պաշտոնական նամակագրության առաջին հայտնի վկայությունն է, հայտնում է Live Science-ը։
Բեկորի վրա պահպանվել է սեպագիր արձանագրություն աքքադերենով՝ Ասորական կայսրության դիվանագիտության պաշտոնական լեզվով։
Տեքստը ցույց է տալիս, որ խոսքը վերաբերում էր տուրքի վճարման ուշացմանը, որը Հրեաստանը պետք է փոխանցեր Ասորիքին։ Այս հայտնագործությունը հաստատում է Հրեաստանի վասալական կախվածությունը և ցույց է տալիս, թե որքան սերտ էին վարչական և քաղաքական կապերը Երուսաղեմի և Ասորիքի միջև մ.թ.ա. VIII դարի վերջին և VII դարի սկզբին։ Պեղումների ղեկավարը խոստովանել է, որ սեպագիրը տեսնելով «ուրախությունից բացականչել է». գտածոն սենսացիա է․ Երուսաղեմում առաջին անգամ հայտնաբերվել է Միջագետքից բերված կավից պատրաստված պաշտոնական ասորական փաստաթուղթ։ Քիմիական վերլուծությունը ցույց է տվել, որ սալիկը տեղական ծագում չուներ, ինչը նշանակում է, որ նամակն իսկապես եկել է ասորական արքունիքից։
Հնագետները սալիկը հայտնաբերել են Երկրորդ Տաճարի ժամանակաշրջանին վերաբերող շերտում, սակայն այն, ամենայն հավանականությամբ, մի քանի դար ավելի հին է։ Հնարավոր է, որ այն ժամանակին պահվում էր Հրեաստանի բարձրաստիճան պաշտոնյաներին պատկանող վարչական շենքերում։ Տեքստում հիշատակվում է ավ ամիսը և «կառքի սպայի» պաշտոնը, որը հայտնի է ասորական այլ աղբյուրներից։ Հրեաստանի թագավորի անունը նշված չէ, սակայն գիտնականները ենթադրում են, որ նամակն ուղղված է եղել թագավոր Հեզեկիային, Մանասեին կամ Հոսիային, որոնք կառավարել են Հրեաստանը՝ Ասորիքից կախվածության շրջանում։
Պեղումներն անցկացվել են Երուսաղեմի կենտրոնական ջրահեռացման ջրանցքի երկայնքով, որտեղ ժամանակին գտնվում էին բարձրաստիճան պաշտոնյաների վարչական և բնակելի շենքերը։ Բեկորն այժմ մանրամասն ուսումնասիրվում է հնագիտական նախագծի լաբորատորիաներում, իսկ ապագայում նախատեսվում է այն հանձնել Երուսաղեմի թանգարանում ցուցադրելու համար։ Այն կդառնա Հրեաստանի և Ասորական կայսրության դիվանագիտական և քաղաքական կապերին նվիրված ցուցադրության մի մասը՝ հնարավորություն տալով այցելուներին տեսնել պաշտոնական փաստաթղթի հազվագյուտ օրինակ, որը հաստատում է հին Երուսաղեմի սերտ կապերն ու բարդ հարաբերությունները հզոր հարևանի հետ։