ԱՄՆ պետքարտուղար Մարկո Ռուբիոն հայտարարել է, որ Գազայի հատվածի մշտական բաժանում չի նախատեսվում, չնայած այն հանգամանքին, որ իսրայելական զորքերը մնում են այն տարածքում, որն առաջնահերթ պետք է վերականգնվի, հաղորդում է AFP-ը։

ԱՄՆ-ի միջնորդությամբ կնքված նրադադարի համաձայնագրով, իսրայելական զորքերը նահանջել են մինչև «Դեղին գիծ», ինչի արդյունքում վերահսկում են Գազայի մոտ կեսը։

ԱՄՆ-ն հայտարարել է, որ վերականգնման օգնությունը կկենտրոնանա այն տարածքում, որը գտնվում է Իսրայելի վերահսկողության տակ։ Ըստ Ռուբիոյի, միջազգային ուժերը, որոնք փորձում են ձևավորել ԱՄՆ-ն և տարածաշրջանային միջնորդները, կուղղվեն՝ ապահովելու անվտանգությունը ամբողջ պաղեստինյան տարածքում։

ՀԱՄԱՍ խմբավորումը, որը մինչև պատերազմը ղեկավարում էր Գազայի հատվածը, ապագայում որևէ դեր չի կարող ունենալ, հավելել է նա։ «Կարծում եմ՝ ի վերջո կայունացման ուժերի նպատակը գիծը տեղափոխելն է այնքան ժամանակ, մինչև այն, մեր հույսով, ընդգրկի ամբողջ Գազան, ինչը նշանակում է, որ Գազան ամբողջությամբ կապառազմականացվի, – ասել է Ռուբիոն լրագրողներին շաբաթ օրը՝ Իսրայելից Քաթար ուղևորվելիս Air Force One ինքնաթիռում։ – Ի վերջո, որքան ավելի շատ Գազայի տարածքը զրկվի զինված ուժերից, որքան ավելի շատ այնտեղից վերանա ահաբեկչությունը, այնքան այն ավելի շատ կդառնա «կանաչ գոտի», և արդյունքում այդ սահմանը կտեղաշարժվի։ Սա երկարաժամկետ ծրագիր է։ Իսրայելցիները միանշանակ հասկացրել են, որ հետաքրքրված չեն Գազայի օկուպացիայով»։

Հիմնական պաղեստինյան խմբավորումները, ներառյալ ՀԱՄԱՍ-ը, համաձայնել են ստեղծել տեխնոկրատների կոմիտե՝ Գազան կառավարելու նպատակով՝ հրադադարի և վերականգնման միջազգային ջանքերի շրջանակում։

Սակայն ՀԱՄԱՍ-ը դիմադրում է զինաթափման կոչերին։