Հյուսիսային Իտալիայի Հարավային Տիրոլ շրջանում՝ Օրտլես լեռնաշղթայում, ձնահյուսի հետևանքով Գերմանիայից ժամանած հինգ ալպինիստ է զոհվել, հաղորդում է dpa-ն՝ հղում անելով Իտալիայի լեռնափրկարար ծառայությանը։

Ձնահյուսը տեղի է ունեցել 3345 մետր բարձրությամբ Ֆերտայնշպիցե լեռան գագաթի մոտ, ուր բարձրանում էին երկու ալպինիստական խմբեր։ Նախնական տվյալներով, ձնահյուսը ծածկել է երկու գերմանական խմբերը՝ մեկը բաղկացած երեք, մյուսը՝ չորս մարդուց։

Երկրորդ խմբից երկու ալպինիստ կարողացել է փրկվել, իսկ մյուս երկուսի ճակատագիրը որոշ ժամանակ անհայտ էր։ Ավելի ուշ dpa-ն, վկայակոչելով Իտալիայի լեռնափրկարար ծառայության մամուլի խոսնակի հայտարարությունը, տեղեկացրել է, որ երկու անհետ կորած ալպինիստները նույնպես զոհվել են։

Հարավային Տիրոլը հայտնի է որպես ալպինիզմի տարածված ուղղություն գերմանացի զբոսաշրջիկների համար։ Տարածաշրջանի ամենաբարձր գագաթը Օրտլես լեռն է՝ 3905 մետր բարձրությամբ։