Իսրայելի վարչապետ Բենիամին Նեթանյահուն հայտարարել է, որ «Թեյման» նախնական կալանավայրում պաղեստինցի կալանավորի նկատմամբ դաժան վերաբերմունքը պատկերող տեսագրությունների արտահոսքը «հսկայական հարված է հասցրել Իսրայելի, Իսրայելի պաշտպանության բանակի և մեր զինվորների հեղինակությանը», հաղորդում է Times of Israel-ը։

«Սա, թերևս, ամենալուրջ PR հարձակումն է, որին Իսրայելը ենթարկվել է իր հիմնադրումից ի վեր — չեմ հիշում ավելի կենտրոնացված և ինտենսիվ հարված։ Սա պահանջում է անկախ և անաչառ քննություն, և ես ակնկալում եմ, որ այդ քննությունը իսկապես կանցկացվի», — ասել է նա։

Ըստ Times of Israel-ի, ռազմական փաստաբան, գեներալ-մայոր Իֆաթ Տոմեր-Երուշալմին հինգշաբթի հրաժարական է տվել այն բանից հետո, երբ ընդունել է, որ հրապարակել է 2024 թվականին Սդե Թեյման ռազմական նախնական կալանավայրում մի քանի իսրայելցի զինվորների կողմից պաղեստինցի կալանավորի դաժան ծեծի տեսագրությունը։