Հելեն Գերլի Բրաունը` Cosmopolitan ամսագրի նախկին խմբագիրը, 30 մլն դոլար է նվիրաբերել Կոլումբիական եւ Սթենդֆորդյան համալսարաններին` լրագրության ինստիտուտ ստեղծելու համար:

Մեդիա-նորարարությունների ինստիտուտը (Institute for Media Innovation) կստեղծվի Cosmopolitan-ի նախկին խմբագրի հանգուցյալ ամուսնու` հայտնի կինոպրոդյուսեր Դեւիդ Բրաունի պատվին, որը մահացել է  2010թ. սկզբին: Դեւիդ Բրաունը ժամանակին վերոնշյալ հաստատությունների ուսանողն է եղել: Այս մասին տեղեկացնում է Reuters-ը:

Նոր ինստիտուտի ստեղծման համար Կոլումբիական եւ Սթենդֆորդյան համալսարաններից յուրաքանչյուրին հատկացվել է 12 մլն դոլար: Եւս 6 մլն դոլար Կոլումբիական համալսարանը ստացել է խմբագրից` նոր ինստիտուտի համար ուսումնական հաստատության շենքի կառուցման համար` զինված նորագույն տեխնոլոգիաներով:

Հելեն Գերլի Բրաունը Cosmopolitan-ը ղեկավարել է 1965-1996թթ.: Նրա ղեկավարության օրոք ամսագիրը համաշխարհային հռչակ է ձեռք բերել:  Նա նաեւ մի շարք գրքերի հեղինակ է, ներառյալ «Սեքսը եւ միայնակ կինը» բեսթսելլերը, որը լույս է տեսել 1962թ.: Նրա ամուսին Դեւիդ Բրաունը մասնակցել է այնպիսի ֆիլմերի աշխատանքներին, ինչպիսիք են «Բոժոժը», «Ծնոտները», «Շոկոլադը» եւ «Միսս Դեյզիի վարորդը», որը չորս «Օսկարի» է արժանացել, այդ թվում` լավագույն ֆիլմ անվանակարգում, հիշեցնում է Lenta.ru-ն: