Վենեսուելայի իշխանությունները հայտարարել են արտերկրի բանկերում պահվող ոսկու պաշարներն ամբողջությամբ վերադարձնելու մասին:
Վենեսուելայի Կենտրոնական բանկը հայտնել է, որ 2011թ. նոյեմբերից, երբ սկսվեց տվյալ գործընթացը, երկիր է բերվել 160 մետրային տոննա (176 տոննա) թանկարժեք մետաղ` 9 մլրդ ընդհանուր արժեքով, գրում է Associated Press-ը:
Հիշեցնենք, ոսկու պաշարները վերադարձնելու մասին Վենեսուելայի նախագահ Հուգո Չավեսը հայտարարել էր 2011թ. օգոստոսին: Այդ քայլը, ըստ նրա, պետք է իր հիմնական եկամուտը նավթի արտահանումից ստացող Վենեսուելային պաշտպաներ ամերիկյան եւ եվրոպական տնտեսական հնարավոր խնդիրներից:
Հայտարարելով երկրի ոսկու պաշարները վերադարձնելու մասին` Չավեսը նշել էր, որ ԱՄՆ եւ Եվրոպական երկրների բանկերում 211 մետրային տոննա (233 տոննա) թանկարժեք մետաղ է պահվում: Վենեսուելայի ԿԲ ղեկավարը, հայտարարելով ոսկին վերադարձնելու գործընթացի ավարտի մասին, նշված թվային տարբերությունները չի հստակեցրել, գրում է Lenta.ru-ն:



























