Չինական էլեկտրական մեքենաներ արտադրող XPENG-ի «թռչող մեքենաների» ստորաբաժանումը՝ XPENG AEROHT-ը, սկսել է փորձնական արտադրություն կատարել աշխարհի առաջին «խելացի» գործարանում՝ էլեկտրական ուղղահայաց թռիչքի և վայրէջքի (VTOL) ինքնաթիռների զանգվածային արտադրության համար, ինչը նշանավոր նվաճում է նոր սերնդի տրանսպորտի առևտրայնացման գործում, հաղորդում է «Սինհուա»-ն։

Գործարանը, որի մակերեսը կազմում է 120 հազար քառ. մետր և գտնվում է Չինաստանի հարավում գտնվող Գուանդուն նահանգի վարչական կենտրոն Գուանչժոու քաղաքի Հուանպու շրջանում, արդեն թողարկել է «Land Aircraft Carrier» մոդուլային մեքենայի առաջին շարժական էլեկտրական թռչող ապարատը։

Ձեռնարկության նախագծային արտադրական հզորությունը կազմում է տարեկան 10,000 շարժական ավիացիոն մոդուլ՝ 5,000 միավորի սկզբնական հզորության դեպքում։ Սա նմանատիպ համաշխարհային գործարանների մեջ ամենամեծ արտադրական հզորությունն է։ Ամբողջ հզորությամբ աշխատելուց հետո գործարանը կկարողանա հավաքել մեկ թռչող ապարատ յուրաքանչյուր 30 րոպեն մեկ։

XPENG AEROHT ընկերությունն արդեն ստացել է շուրջ 5,000 «թռչող մեքենաների» պատվերներ՝ արտադրանքի շնորհանդեսի պահից սկսած։ Սերիական արտադրությունն ու առաքումները նախատեսված են 2026 թվականին։

Տվյալ «թռչող մեքենան» բաղկացած է վեցանիվ ցամաքային տրանսպորտային միջոցից, որը կոչվում է «մայրական նավ» և շարժական էլեկտրական ուղղահայաց թռիչքի ու վայրէջքի ապարատից։

Էլեկտրական ուղղահայաց թռիչքի և վայրէջքի ապարատն առաջարկում է թռիչքի ինչպես ավտոմատ, այնպես էլ ձեռքով ռեժիմներ։ Նրա ավտոմատ ռեժիմը հնարավորություն է տալիս իրականացնել երթուղու խելացի պլանավորում, ինչպես նաև մեկ հպումով թռիչք և վայրէջք։

Ցամաքային տրանսպորտային միջոցի երկարությունը կազմում է մոտ 5.5 մետր։ Այն կարող է երթևեկել հանրային ճանապարհներով՝ ստանդարտ վարորդական իրավունքի առկայության դեպքում և կայանվել սովորական կայանատեղերում։