Սուդանում ավելի քան 21 միլիոն մարդ է բախվում սուր պարենային անապահովության խնդրին։ ՄԱԿ-ի հայտարարության համաձայն՝ սա աշխարհում նմանատիպ ամենամեծ ճգնաժամն է։

Կազմակերպության տվյալներով՝ մոտ 375 հազար մարդ է հայտնվել աղետալի իրավիճակում, այսինքն՝ սովամահության եզրին։ Ամենադժվար իրավիճակը դիտվում է Էլ-Ֆաշեր (Հյուսիսային Դարֆուր նահանգ) և Կադուգլի (Հարավային Կորդոֆան նահանգ) քաղաքներում։ Այնտեղի շրջափակումներն ու մարտական գործողությունները կտրել են ամբողջական համայնքները պարենամթերքի և մարդասիրական օգնության հասանելիությունից, ինչի հետևանքով մարդիկ ստիպված են եղել սնվել տերևներով, խոտով և անասունների կերով։

Հոկտեմբերի վերջին «Արագ արձագանքման ուժեր» (ԱԱՈՒ) շարժումը գրավել է Էլ-Ֆաշերը՝ ավելի քան 500 օր տևած շրջափակումից հետո։ Հարձակման ժամանակ սպանվել է շուրջ 2 հազար մարդ։ Քաղաք մուտքը մնում է արգելափակված, չնայած միջազգային կազմակերպությունների բազմաթիվ կոչերին, ըստ որոնց պետք է բացել պարենի, դեղորայքի և այլ մարդասիրական օգնության մատակարարումների համար առկա ճանապարհը։

Միգրացիայի միջազգային կազմակերպության տվյալներով՝ ընդամենը մեկ շաբաթվա ընթացքում Էլ-Ֆաշերից և հարակից շրջաններից ավելի քան 70 հազար մարդ է փախել։ Շատերը ապաստան են գտել 70 կմ հեռավորության վրա գտնվող Թավիլա քաղաքում, որտեղ փախստականների համար պայմանները ցանկալիից հեռու են՝ ընտանիքները քնում են բաց երկնքի տակ, պարենի պաշարները սպառված են, մաքուր ջուրը ևս չի բավականացնում։