Լեհաստանը տարեվերջին մեկնարկելու է անօդաչու թռչող սարքերի դեմ պայքարի սեփական համակարգի մշակման ծրագիր, հայտարարել է պաշտպանության նախարար Վլադիսլավ Կոսինյակ-Կամիշը ճեպազրույցի ժամանակ։
«Ծրագիրը կներկայացվի առաջիկա օրերին և շաբաթներին։ Հաստատ այս տարի։ Կցանկանայի, որ դա տեղի ունենա նոյեմբերին»,- ասել է նա։
Նախարարի խոսքով՝ Գլխավոր շտաբն արդեն հայտարարել է իր պահանջների մասին, Զինամթերքի գործակալությունն աշխատում է դրա վրա, և բանակցություններ են ընթանում կապալառուների հետ։
«Ես դեռ չեմ կարող բացահայտել մանրամասները։ Բայց սա կլինի լայնածավալ ծրագիր, որը կներառի ինչպես պետական, այնպես էլ մասնավոր պաշտպանական արդյունաբերությունը, նաև դաշնակիցների հետ համագործակցությունը»,- հավելել է նա։
Կոսինյակ-Կամիշը վստահեցրել է, որ ֆինանսավորումն արդեն ապահովված է։
Հոկտեմբերի վերջին Լեհաստանի Հանրապետության ներքին գործերի և վարչակազմի փոխնախարար Չեսլավ Մրոչեկը հայտարարել է, որ Լեհաստանն իր արևելյան սահմանին կառուցում է անօդաչու թռչող սարքերի դեմ պայքարի համակարգ։ Նա հավելել է, որ հակաօդային համակարգի կառուցումը նախատեսվում է ավարտել հաջորդ տարի։





























