Այսօր Հայաստանի Հանրապետության իշխանությունները պարծենում են սահմանների ապաշրջափակմամբ, սակայն դա պարզապես Ադրբեջանին միջանցք տրամադրելու փաթեթավորումն է։ Այս մասին այսօր՝ նոյեմբերի 6–ին, կառավարության դիմաց բողոքի ակցիայի ժամանակ նշեց ՀՅԴ–ական երիտասարդներից մեկը։
Նրանց ձեռքին կան պաստառներ հետեւյալ բովանդակությամբ. «Մի հրաժարվիր Սևանից», «Սևանն անիմաստ տարածք ա, մեզ պետք ա՞Սևանը», «Սևանը տանք, հանգիստ ապրենք»։
«Հպարտությամբ հայտարարում են, որ Հայաստանի համար նոր դռներ են բացում, այնինչ միակ դուռը, որ բացվել է, Թուրանի համար նախատեսված դուռն է, Ադրբեջանի Նախիջևանի հետ անխոչընդոտ կապի դուռն է, դրա դիմաց չստանալով շոշափելի ոչինչ։
Հաստատված խաղաղության պայմաններում Բաքվում դատվում, խոշտանգում և պահում են տասնյակ գերիներ և դեռ պահանջներ են դրվում այլ անձանց արտահանձնելու մասին։ Ի՞նչ խոսք, նման խաղաղության մասին կերազեր յուրաքանչյուր հզոր պետություն։
ՔՊ-ական խաղաղության պայմաններում մայրաքաղաք Երևանի չափ մի ամբողջ Հայաստանի Հանրապետության սուվերեն տարածքում ապօրինի կերպով գտնվում է ադրբեջանական զորք։ Երազանքի խաղաղության պայմաններում Ադրբեջանի նախագահը շարունակում է Երևանն անվանել Էրիվան, Հայաստանն անվանել արևմտյան Ադրբեջան։ ՔՊ-ի երազանքների խաղաղության պայմաններում Արցախի Հանրապետությունը գրավված է հայաթափված, ավերված և գուցե հենց նման խաղաղության են ձգտում նաև Հայաստանում»,– ընդգծեց նա։




























