Ադրբեջանցի պատգամավոր Հուդրաթ Հասանղուլիեւը աչքի է ընկել նոր ագրեսիվ հայտարարությամբ։

«Եթե Հայաստանն անհապաղ որոշում չընդունի միջանցքը բացելու մասին, Ադրբեջանը ստիպված կլինի ուժով մաքրել տարածքը,- հայտնել է Ադրբեջանի խորհրդարանի իրավական հարցերի եւ պետականաշինության հարցերի մշտական հանձնաժողովի փոխնախագահ Հուդրաթ Հասանղուլիեւը, տեղեկացրել է «Ազատություն» ռադիոկայանը։

Հասանղուլիեւը պնդում է, որ «Զանգեզուրի միջանցքը» զավթելուց հետո Բաքուն պետք է դրա վերահսկողությունը հանձնի կամ Միացյալ Նահանգներին՝ «օգոստոսի 8-ի հայտարարության դրույթներին համապատասխան, կամ Ռուսաստանին՝ 2020թ․ նոյեմբերի 10-ի պայմանավորվածությունների հիման վրա»։

Նրա խոսքով՝ «Հայաստանը փորձում է բացել հաղորդակցային ուղիները հարեւանների հետ իրեն շահեկան եղանակով, բայց չի շտապում ձեռնարկել իրական քայլեր Նախիջեւան տանող ուղիների ապաշրջափակման ուղղությամբ»։

«Վաշինգտոնի հռչակագրի ստորագրումից հետո հույսեր առաջացան, որ մի ինչ-որ տեղ կսկսվի շինարարությունը։ Բայց հիմա ավելի նկատելի է դառնում, որ Վաշինգտոնի հռչակագրի ստորագրումից հետո հայերը խիստ թուլացել են»,- հայտնել է Հասանղուլիեւը։ Նրա խոսքով՝ «Ադրբեջանը կարող է Երեւանին առաջարկել խաղաղության պայմանագիր ստորագրել՝ դա կապելով Նախիջեւան տանող ճանապարհի շինարարությունն անհապաղ սկսելու եւ մոտ ապագայում Հայաստանի Սահմանադրությունը փոխելու պարտավորության հետ»։