Փչացած ժամացույցը օրը 2 անգամ ճիշտ ժամ է ցույց տալիս. նույն տրամաբանությամբ՝ Փաշինյանն ու ՔՊ-ն, իմ կարծիքով, օգոստոսի 8-ից հետո օրացույց չեն շրջում, որ ստիպված չլինեն խոսել Ադրբեջանի կողմից Վաշինգտոնում նախաստորագրված պայմանագրի խախտումների մասին։ Այս մասին Facebook-ի իր էջի ուղիղ եթերում հայտարարել է «Միասնության թևեր» շարժման նախաձեռնող, նախկին ՄԻՊ Արման Թաթոյանը։
Նա, մասնավորապես, նշել է. «Իսկ ես ՔՊ-ի համար նոր փաստեր ունեմ ու հստակ արձանագրում եմ, որ «Արևմտյան Ադրբեջան» զավթողական անվանումով կազմակերպության գործունեությունը ավելի է ինտենսիվանում, իսկ այդ զավթողական ռազմավարությունը նոր թափ է հավաքում։
Ընդամենը երեկ Ադրբեջանում տեղի է ունեցել խոշորագույն միջոցառում, որը կազմակերպվել է Ադրբեջանի նախագահի հովանավորությամբ, և այստեղ Ադրբեջանի բարձրաստիճան պաշտոնատար անձինք գոհունակությամբ արձանագրել են, որ «արևմտյան Ադրբեջան» թեմայով նախագծերի որակական և քանակական ցուցանիշների էական բարելավում ունեն։ Ու տեսեք ինչ վիճակագրական տվյալներ կան. միայն այս տարի «արևմտյան Ադրբեջանին» վերաբերող ծրագրերը կրկնապատկվել են՝ հասնելով 51-ի։ Վերջին երկու տարիների ընթացքում այդ կազմակերպության ծրագրերի շրջանակում անցկացվել է շուրջ 50 համաժողով, շնորհանդես, հանդիպում, ցուցահանդես և հանրային լսում։ Հրատարակվել է 25 գիրք, նկարահանվել է 11 փաստավավերագրական ֆիլմ և պատրաստվել 21 տեսահոլովակ։
Այնուհետև բարձրաստիճան պաշտոնատար անձինք Ադրբեջանի հայտարարել են, որ վերադարձ դեպի արևմտյան Ադրբեջան ուղղությունը լինելու է նրանց համար առաջնային, լինելու են նոր դրամաշնորհային մրցույթներ, որոնց ներգրավելու են նաև միջազգային և տարածաշրջանային կառույցներ։
Ավելին, ասում են, որ առավելություն են տալու այն ՀԿ-ներին, որոնք արտասահմանում արևմտյան Ադրբեջանի թեմայով համաժողովներ, միջոցառումներ կանեն, ինչպես նաև կներգրավվեն օտարերկրյա ՀԿ-ների։
Սրան զուգահեռ, արևմտյան Ադրբեջան կեղծ, զավթողական անվանումով կազմակերպության ղեկավարը, որը նաև Ադրբեջանի պատգամավոր է պառլամենտում, բառացի ասել է հետևյալը. «Վաշինգտոնյան համաձայնությունը չի ենթադրում արևմտյան Ադրբեջանի խնդրի միջազգային օրակարգից հանելու մանդատ։ Ավելին, այդ համաձայնությունը կարող է ավելի արագացնել մեր վերադարձը։ Արևմտյան Ադրբեջանի խնդիրը 100 հազարավոր մարդկանց միջազգային իրավունքի վրա հիմնված իրավունք է, և ոչ մի փաստաթուղթ կամ համաձայնություն այն օրակարգից հանելու իրավունք չունի»։
Ավելին, այս մարդը նաև հայտարարել է, որ գնալով կազմակերպությանը անդամակցող անձանց թիվը աճում է։
Հիմա այս ամենը ուսումնասիրելուց հետո, ինչպե՞ս կարելի է հայտարարել, որ Ադրբեջանի նախագահը դադարեցրել է գործունեությունը այս ուղղությամբ ու ավելին, ասել, որ հլը մի հատ էլ ընդհանրապես փակել են այս կազմակերպության գործունեությունը ու պետք չի դա ընդհանրապես բանի տեղ դնել։
ՔՊ-ի՝ այս ամենի նկատմամբ վերաբերմունքը ինձ հիշեցնում է, գիտե՞ք ինչ, երբ մարդը գնում է բժշկի, բժիշկը ախտորոշում է տալիս և նաև նշանակում է դեղեր ու տալիս է խորհրդատվություն, որպեսզի բանը չհասնի վիրահատական միջամտության, ու այդ բժշկին լսելու, բժշկի խորհուրդներին հետևելու փոխարեն սկսում են վիրավորանքներ հասցնել բժշկին։
Ընդ որում, Ադրբեջանից եկող այս ծավալապաշտական քաղաքականությունը գոյաբանական վտանգներ է պարունակում մեր երկրի համար։ Բայց շատ կարևոր ևս մի հանգամանք, սա նաև վտանգում է տարածաշրջանում կայունությունն ու խաղաղությունը, և փաստ է այլևս, որ Փաշինյանը այդպես էլ չկարողացավ մեր երկրի շահերի համար օգտագործել ԱՄՆ-ի նման պետության հեղինակությունն ու միջնորդական առաքելությունը։
Ես կարծում եմ՝ ազնիվ է, որպեսզի մեր ամերիկացի գործընկերները իմանան, տեղյակ լինեն, որ Ադրբեջանը խաթարում է, ոտնահարում է նրանց վստահությունը, նրանց հեղինակությունը աշխարհում, իսկ Փաշինյանը նպաստում է դրան, որովհետև կոծկում է իրականությունը և ամեն ինչ անում է, որ Ադրբեջանը հասնի այդ կերպ իր նպատակներին։
Ես լինեմ երկրի ղեկավար, ամեն ինչ կանեմ՝ աշխարհում գործադրելով բոլոր դիվանագիտական միջոցները, գործիքները, մեր սփյուռքին ներգրավելով, ցույց տալու համար այս կազմակերպության իրական վտանգները, ռիսկերը մեր երկրի համար, բայց նաև Հարավային Կովկասի համար, բայց նաև խաղաղության համար ընդհանուր։ Սա նաև անհրաժեշտ է, այո, Ադրբեջանի ժողովրդի համար, որպեսզի ի վերջո խաղաղություն տեղի ունենա մեր տարածաշրջանում և նաև լուծվեն մեր երկրի խնդիրները, մեր գոյաբանական խնդիրները։ Դրա համար մենք պետք է կենտրոնանանք և լուծենք մեր գոյաբանական խնդիրները, որոնք բխում են այս ծրագրերից»,– հայտարարել է Թաթոյանը։




























