Վրաստանի դատախազությունը քրեական հետապնդում է սկսել «Կրիստալ խմբի» սեփականատեր Վլադիմիր Ստեփանյանի նկատմամբ՝ ապօրինի ձեռնարկատիրական գործունեության և անօրինական եկամուտների լվացման փաստերով։ Նշված տեղեկատվությունը տարածում է ինքը՝ գերատեսչությունը, հայտնում է «Գրուզիա օնլայնը»։
Ըստ դատախազության տվյալների, գործով իրականացված հետաքննությամբ պարզվել է, որ «Կրիստալ խմբի» կազմի մեջ մտնող «Բակուրիանի բիզնես խումբ» ՍՊԸ-ի հիմնական գործունեությունը եղել է հյուրանոցային տիպի բնակելի համալիրների կառուցումը և դրանց հետագա իրացումը Բակուրիանիում։
«Վլադիմիր Ստեփանյանը, որը փաստացի ղեկավարում էր ձեռնարկության առօրյա գործունեությունը, կոպտորեն խախտել է ինչպես Բակուրիանիի գլխավոր հատակագծով սահմանված պայմանները, այնպես էլ համապատասխան ծառայություններից ստացված թույլտվությունների այլ պայմաններ, որից հետո փուլ առ փուլ օտարել է ապօրինի կառուցված բնակելի տարածքները։
Նշված ճանապարհով «Բակուրիանի բիզնես խումբ» ՍՊԸ-ն ստացել է խոշոր եկամուտներ՝ 1 894 925 լարի։
Ստացված խոշոր միջոցներին օրինական տեսք հաղորդելու համար մեղադրյալը միջոցների մի մասը տեղադրել է «Բակուրիանի բիզնես խումբ» ՍՊԸ-ի բանկային հաշիվներում, իսկ մի մասը՝ փոխանցել անձնական սեփականությանը, որից հետո ձեռք է բերել ձեռնարկության, իր և իր հետ կապված անձանց անշարժ/շարժական գույք։
Նրան մեղադրանք է առաջադրվել Վրաստանի քրեական օրենսգրքի 192-րդ և 194-րդ հոդվածներով, նշված հանցագործության համար նախատեսված է մինչև 12 տարվա ազատազրկում։
Օրենքով սահմանված ժամկետներում դատախազությունը դատարան կդիմի՝ մեղադրյալի համար որպես խափանման միջոց կալանքն ընտրելու միջնորդությամբ»,- ասվում է գերատեսչության տեղեկատվության մեջ։