Կամբոջան հերքել է երկու երկրների սահմանին իր կողմից նոր ականներ տեղադրելու մասին Թաիլանդի պնդումները։ Այդ մասին հայտնել է Khmer Times թերթը՝ հղում անելով Կամբոջայի արտաքին գործերի և միջազգային համագործակցության նախարարությանը։

Արտաքին քաղաքական գերատեսչության պաշտոնական հայտարարության մեջ կտրուկ անհամաձայնություն է արտահայտվում այդ մեղադրանքների հետ։ Գերատեսչությունում նշել են, որ տարածաշրջանում դեռևս ցրված են չպայթած զինամթերքը՝ 1970-ականների և 1980-ականների ընթացքում Կամբոջայում տեղի ունեցած քաղաքացիական հակամարտություններից հետո, և որ բազմաթիվ ականապատ դաշտեր դեռևս չեն ականազերծվել անհարթ տեղանքի և չլուծված սահմանազատման խնդիրների պատճառով։ «Կամբոջան երբեք նոր ցամաքային ականներ չի օգտագործել և երբեք էլ չի օգտագործի»,- հայտարարել են ԱԳՆ-ում՝ ընդգծելով երկրի հավատարմությունը Հակահետևակային ականների արգելման մասին Օտտավայի կոնվենցիայի խիստ պահպանմանը։

Թաիլանդը հայտարարեց, որ երկուշաբթի օրը իր զորքերը, Կամբոջայի հետ Սիսակետ նահանգի սահմանին պարեկություն կատարելիս, կանգնել են նոր ականապատ դաշտի վրա, որը ենթադրաբար տեղադրվել էր կամբոջական ուժերի կողմից՝ խախտելով համատեղ հռչակագիրը։ Նրանք դա անվանել են «թշնամական ակտ», որը անխուսափելիորեն հանգեցրել է երկկողմ խաղաղության համաձայնագրերի կասեցմանը։ Դրանից հետո Թաիլանդի վարչապետ Անութին Չանվիրակունը հրամայել է անհապաղ կասեցնել Կամբոջայի հետ խաղաղության հռչակագիրը՝ ի պատասխան միջադեպի։

Հոկտեմբերին, ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի ներկայությամբ, ԱՍԵԱՆ-ի 47-րդ գագաթնաժողովի շրջանակներում, Կամբոջայի վարչապետ Հուն Մանեթը և Թաիլանդի վարչապետ Անութին Չանվիրակունը համատեղ հռչակագիր են ստորագրել, որում ուրվագծել են երկու երկրների միջև սահմանային հակամարտության խաղաղ կարգավորման հետագա քայլերը: Երկու կողմերն էլ ընդգծել են իրենց հանձնառությունը՝ «լարվածության թուլացմանը, վստահության վերականգնմանը և փոխշահավետ հարաբերություններին նպաստելու համար»: