«Լվովսկայա վոլնա» ռադիոկայանի հաղորդավար Անդրեյ Մեծը հեռացվել է եթերից այն բանի համար, որ եթերում կարդացել է Յուրի Վիննիչուկի «Սպանիր պի...ասին» բանաստեղծությունը: Ինքը` Վիննիչուկն, այդ օրը Անդրեյ Մեծի հյուրն է եղել: 

«Էքսպրեսի» տեղեկության համաձայն` հաղորդումից հետո ղեկավարությունը կանչել է հաղորդավարին եւ հայտնել, որ նա ուղարկվում է երեքշաբաթյա վճարովի արձակուրդի: Հաղորդավարն իր հերթին պահանջել է իրեն թույլ տալ եթեր դուրս գալ մյուս շաբաթվա սկզբից, հակառակ դեպքում նա պատրաստ է բողոքի ակցիա սկսել: Հրատարակչությունը նշում է, որ Անդրեյ Մեծին աջակցում են ռադիոկայանի համարյա բոլոր աշխատակիցները:

Ըստ ուկրաինական լրատվամիջոցների` Վիննիչուկը ուշադրության կենտրոնում է հայտնվել հունվարի կեսերից, երբ Գլխավոր դատախազությունը նրա դեմ բողոք է ստացել:  Նրան մեղադրել էին  «պոռնոգրաֆիայի տարածման» մեջ:

Բողոքի հեղինակը Ուկրաինայի կոմունիստական կուսակցության նախկին անդամ, պատգամավոր Լեոնիդ Գրաչն է եղել: Բանաստեղծի դեմ բողոքին աջակցել է նաեւ քաղաքագետ Վլադիմիր Բոնդարենկոն: Ընդ որում` նա դժգոհություն է հայտնել նաեւ «Սպանիր պի...ասին» ոտանավորի առնչությամբ, հայտարարելով, որ այն պարունակում է իշխանությունների նկատմամբ ակնարկներ եւ տվյալ իշխանությունների վերացման անօրինական ուղիներ է առաջարկում: Բանաստեղծության տեքստը կարելի է գտնել «Դրուգ չիտատելյա» կայքում:

Հեղինակը մեղադրանքն անհիմն է համարում` նշելով, որ բանաստեղծությունը վերացական է, այնտեղ կոնկրետ մեկի մասին չի խոսքը, ամեն մեկն էլ կարող է մտածել, ինչ ուզում է, գրում է lenta.ru-ն: