Այս պատժաչափերը կանխատեսելի էին. բոլոր նախկին ղեկավարների առնչությամբ ցմահ ազատազրկման մոտեցումն է որդեգրվել. թեև Բակո Սահակյանի և Արկադի Ղուկասյանի (01:00) դեպքում պահանջվել է 20 տարի ազատազրկում, սակայն դա ոչ թե հայեցողության արդյունք է, այլ ադրբեջանական օրենսդրության կարգավորումների հարց, քանի որ 65 տարին լրացած ամբաստանյալների պարագայում օրենսդրությունն է արգելում ցմահ ազատազրկման կիրառումը։ Այս մասին NEWS.am-ի հետ զրույցում ասաց ՄԻԵԴ-ում հայ  գերիների շահերի պաշտպան, փաստաբան Սիրանուշ Սահակյանը։

«Հաշվի առնելով, որ մյուս ռազմագերիներին ըստ էության վերագրվում են ոչ թե անմիջականորեն կազմակերպել այլ մասնակցությունը, այստեղ մի փոքր մեղմացրել են պատժաչափերը և ցմահ ազատազրկման փոխարեն պահանջել են երկարաժամկետ ազատազրկում։ Մենք վստահ ենք որ այս պատժաչափերը հաստատվելու են դատավճիռներում, բոլորի առնչությամբ կայացվելու են մեղադրական դատական ակտեր, որևէ անձի անմեղություն չի հիմնավորվելու, ինչը հակահայկական շարունակական քաղաքականության մեկ այլ դրսևորում է։ Ձևական առումով կան բողոքարկման հնարավորություններ։ Նախկին գործերով որոշ հանրային պաշտպաններ ձևական առումով բողոքարկել են այս դատական ակտերը, սակայն արդյունքը որևէ փոփոխության չի ենթարկվել։

Իմիտացիա ստեղծելու նպատակով, վստահ եմ՝ հանրային պաշտպանները ձևական բողոքներ կներկայացնեն, սակայն դրանք մերժվելու են, և մենք դրական ելքի որևէ սպասում Ադրբեջանում չունենք»,–ասաց նա։

Սիրանուշ Սահակյանի խոսքով, ամբողջ ուշադրությունը պետք է կենտրոնացնել վերազգային դատական ատյանների վրա. «Ադրբեջանը վավերացրել է մարդու իրավունքներին առնչվող բազմաթիվ համաձայնագրեր և ճանաչել է մարդու իրավունքների Եվրոպական դատարանի և ՄԱԿ–ի Կվազի դատական ատյանների իրավազորությունը, ներպետական այս գործընթացների ավարտից հետո, միգուցե նաև ձևական բողոքարկումներին զուգահեռ, պետք է ինտենսիվ գանգատներ ներկայացվեն այս միջազգային ատյաններին, որտեղ պետք է բարձրաձայնվի շինծու դատավարությունների ընթացքում տեղ գտած համակարգային կոպիտ երաշխիքների խախտումների հարցը։ Ակնկալիքը այն է որ այս ատյանները կարձանագրեն որ այդ դատավարությունները չեն համապատասխանել մարդու իրավունքների միջազգային ստանդարտներին և դրանց արդյունքում ընդունված դատական ակտերը չենք կարող լեգիտիմ լինել։

Այսպիսով մենք հնարավորություն ունենք միջազգային ատյանների ներգրավվածությամբ չեզոքացնել այս ապօրինի դատական ակտերի իրավաքաղաքական նշանակությունը միջազգայնորեն»,– ընդգծեց նա։

Նա տեղեկացրեց, որ այս պահի դրությամբ յոթ հայեր դատապարտվել են Ադրբեջանում, նրանց նկատմամբ կիրառվել է 15–20 տարի ազատազրկում «Մենք մենք ունենք գործեր, որոնք ներկայացվել են, կա գործ, որը կոմունիկացիայի փուլում է և որոշ գործեր ներկայացված են միջպետական գանգատի շրջանակում, դրանց վերաբերյալ կարծում եմ՝  կառավարության ներկայացուցիչը որոշ մեկնաբանություններ կարող է տալ»։

Նրա խոսքով, կան նաև գործեր, որ ընտանիքներն են դիմել. «Լյուդվիգ Մկրտչյանի գործը հենց անհատական գանգատի շրջանակներում է, մենք բարձրաձայնել ենք արդարադատաքննության իրավունքի խախտում և այն ողջ ապօրինությունները, որ տեղի են ունեցել Բաքվի զինվորական դատարանում իր ողջ ծավալով և գուներանգներով ներկայացվել է դատարան»։

Հարցին՝ կա՞ տեղեկատվություն, թե ինչ առողջական վիճակում են բաքվում գտնվող հայ գերիները, Սիրանուշ Սահակյանը պատասխանեց. «Մենք որևէ տեղեկություններ չունենք, ՄԻԵԴ–ը պահանջել էր նման տեղեկատվություն, նոյեմբերի 4–ը սահմանված վերջնաժամկետն էր։ Իմ կողմից վարվող գործերով ես դեռևս դատարանից գրություն չեմ ստացել, սակայն իրավական հարցերով ներկայացուցչի գրասենյակից պարզաբանեցին, որ դատարանից ստացել են ժամկետի երկարաձգման վերաբերյալ տեղեկատվություն, ինչը նշանակում է, որ Ադրբեջանը նշված ժամկետում տեղեկություններ չի տրամադրել և խնդրել է դատարանին լրացուցիչ ժամանակ տրամադրել։ Ուստի պետք է սպասել և տեսնել, թե ինչ տեղեկատվություն կտրամադրվի։ Խոսքը բոլոր 23 գերիների մասին է։

Մենք մեր գերիների մասին տեղեկություններ չունենք հունիսից սկսած, քանի որ այդ ժամանակ է Կարմիր խաչը հանդիպել նրանց։

Ադրբեջանական կողմւ հեռախոսազանգեր կազմակերպում է, շաբաթը մեկական զանգ ապահովում է կալանավորվածի կարգավիճակ ունեցող հայերի համար և ամիսը 1-2 զանգ՝ դատապարտյալի կարգավիճակ ունեցող յոթ անձի դեպքում։

Այդ զանգերը առավել խորացնում են մտահոգությունները, քան վստահություն է ձևավորվում, որ նրանց մոտ ամեն ինչ նորմալ է, ամբողջությանը կյանքին սպառնացող վտանգներ չկան և նաև կա դրական սպասում, որ հայրենադարձումը տեղի ունենալու է։ Զանգերը վերահսկվում են։