Վենեսուելայի ներքին գործերի նախարար Դիոսդադո Կաբելլոն հերքել է երկրում քաղաքական փոփոխությունների վերաբերյալ ընթացող բանակցությունների մասին տեղեկությունները, հաղորդում է EFE-ն։

Նա սուտ է անվանել հաղորդագրությունն այն մասին, որ Վենեսուելայի նախագահ Նիկոլաս Մադուրոն ամերիկյան կողմին հայտնել է երկու տարի անց իշխանությունից հեռանալու իր պատրաստակամության մասին։

Ավելի վաղ այս շաբաթ The New York Times-ը հաղորդել էր, որ վենեսուելացի պաշտոնյաները ամերիկացիներին փոխանցել են, որ Մադուրոն, հնարավոր է, պատրաստ կլիներ հեռանալ պաշտոնից երկու-երեք տարվա անցումային շրջանից հետո։ Սակայն Սպիտակ տունը դրան ի պատասխան հայտարարել է, որ իշխանության փոխանցման ցանկացած հետաձգում Մադուրոյի կողմից անընդունելի է ամերիկյան վարչակազմի համար։

«NYT»-ն նաև հաղորդել է, որ Թրամփն արդեն հաստատել է Կենտրոնական հետախուզական վարչության (ԿՀՎ) կողմից պատրաստված փաստաթուղթը, որը առաջարկում է Վենեսուելայում գաղտնի գործողություններ իրականացնել, որոնք կարող են ուղղված լինել «մարտադաշտը հետագա գործողությունների համար նախապատրաստելուն»։ Պարբերականին հայտնի չէ, թե ինչ կարող են լինել այդ գաղտնի գործողությունները կամ երբ դրանք կարող են իրականացվել։

Նախագահը դեռևս որոշում չի կայացրել Վենեսուելայի նկատմամբ գործողությունների ավելի լայն ընթացքի վերաբերյալ և հրապարակայնորեն չի ձևակերպել իր վերջնական նպատակը, բացի տարածաշրջանից թմրանյութերի հոսքը դադարեցնելուց, գրել է NYT-ն։ Նրա տեղեկություններով՝ զինվորականները և ԿՀՎ-ի պլանավորողները պատրաստել են մի քանի տարբերակներ՝ տարբեր անկանխատեսելի հանգամանքների համար։

Ավելի վաղ հաղորդվում էր, որ ատոմային ավիակիր USS Gerald Ford-ի գլխավորած ավիակիր-հարվածային խումբը, որը Միջերկրական ծովից վերաուղղվել է Լատինական Ամերիկա, նոյեմբերի 11-ին մտել է ԱՄՆ ԶՈւ Հարավային հրամանատարության պատասխանատվության գոտի։ Այն ներառում է ողջ Լատինական Ամերիկան՝ Ատլանտյան և Խաղաղ օվկիանոսների նրա ափերը ողողող ջրերով, այդ թվում՝ Կարիբյան ծովը։ Ավիակիր խմբի կազմի մեջ են մտնում նաև երեք հրթիռային կործանիչ։ Ավիակիրը կրում է 48 մարտական F/A-18E Super Hornet կործանիչ։