Եվրահանձնաժողովը մտադիր է այսուհետ եւս շարունակել ռուսական ակտիվների բռնագանձման աշխատանքը՝ անկախ Ուկրաինայի վերաբերյալ ԱՄՆ խաղաղության պլանների իրագործումից։ Այս մասին Բրյուսելում կայացած ճեպազրույցում հայտնել է Եվրահանձնաժողովի ներկայացուցիչ Պաուլա Պինյուն։
«Այո, ես կարող եմ հաստատել, որ մեր ինտենսիվ աշխատանքը Ռուսաստանի սառեցված ակտիվների գծով կշարունակվի»,- ասել է նա։
Նոյեմբերի 20-ին Ռուսաստանի ֆինանսների նախարար Անտոն Սիլուանովը տեղեկացրել է, որ Ռուսաստանի կառավարությունը մշակել է պատասխան պլան Եվրամիության կողմից ռուսական ակտիվների բռնագանձման դեպքում։
Նոյեմբերի 18-ին ՆԱՏՕ-ում ԱՄՆ մշտական ներկայացուցիչ Մեթյու Ուիթաքերը եվրոպական երկրներին կոչ է արել ավելի ագրեսիվ դիրքորոշում ունենալ Ռուսաստանի հանդեպ։ Նրա խոսքով՝ սառեցված ռուսական ակտիվների օգտագործումը Ուկրաինային ֆինանսավորելու համար «զգալի քայլ» կդառնա կրճատվող ֆինանսավորման համատեքստում, մի քանի տարվա ընթացքում՝ տնտեսական եւ ռազմական առումով։
Մինչ այդ Ֆինլանդիայի նախագահ Ալեքսանդր Սթուբը վստահություն էր հայտնել, որ Եվրամիությունը որոշում կկայացնի սառեցված ռուսական ակտիվների բռնագանձման մասին՝ Եվրոպական հանձնաժողովի առաջարկների հիման վրա։
Եվրահանձնաժողովի նախագահ Ուրսուլա ֆոն դեր Լյայենը հնարավոր է համարել, որ Ուկրաինան 2026թ․ կհայտնվի տնտեսական փակուղում։ Այս առնչությամբ նա առաջարկել է Կիեւին դրամական օգնություն տալու երեք տարբերակ, որոնցից մեկը սառեցված ռուսական ակտիվների բռնագանձումն է։ ԵՄ-ը հավաստիացրել է Բելգիային, որ այդ դեպքում նա «մենակ չի մնա Կրեմլի պատասխան միջոցառումների դեմ-հանդիման»։ Ենթադրվում է, որ վճարներն Ուկրաինային կսկսվեն 2026թ․ երկրորդ եռամսյակում։





























