Վիրջինիայի համալսարանի նախկին ուսանողը ուրբաթ օրը դատապարտվել է ցմահ ազատազրկման՝ այն բանի համար, որ 2022 թվականին կրակել և սպանել է երեք ֆուտբոլիստի, իսկ ևս երկու ուսանողի վիրավորել էր համալսարանի տարածքում, հայտնում է Associated Press-ը։
Դատավոր Շերիլ Հիգինսը Քրիստոֆեր Դարնել Ջոնս-կրտսերին, որը նույնպես խաղում էր ֆուտբոլային թիմում, դատապարտել է առավելագույն հնարավոր պատժին՝ հինգ օր տևած ցուցմունքներից հետո։ Ջոնսը նախորդ տարի իրեն մեղավոր էր ճանաչել։
Ինչպես գրում է Cville-ը, պատժի շրջանակում սահմանվել է հինգ ցմահ ազատազրկում՝ մեկական Դևին Չանդլերի, Լավել Դևիս-կրտսերի և Դ’Սին Փերիի սպանությունների համար, ինչպես նաև Մայքլ Հոլինսին և Մարլի Մորգանին դիտավորությամբ մարմնական վնասվածքներ հասցնելու համար՝ ծանրացուցիչ հանգամանքներով։
Իշխանությունների հաղորդմամբ, Ջոնսը կրակել է չարտերային ավտոբուսի մեջ, երբ ինքն ու մյուս ուսանողները Վաշինգտոնում ներկայացում դիտելուց և ընթրիքից հետո վերադառնում էին կամպուս։
Հրաձգությունը տեղի է ունեցել ավտոտնակի մոտ և հանգեցրել է կամպուսի 12-ժամյա մեկուսացմանը Շարլոտսվիլում, մինչև կասկածյալը ձերբակալվել է։
Մոտ 23 000 ուսանողներից շատերը թաքնվել են խորդանոցներում և մութ սենյակներում, իսկ մյուսները փակել են համալսարանի ուսումնական կորպուսների դռները։
Չկան որևէ նշաններ, որ նրանք ճանաչում էին միմյանց կամ շփվել էին հրաձգությունից առաջ։ Ջոնսը կարող է պայմանական վաղաժամ ազատման դիմել, երբ դառնա 60 տարեկան, հայտնում է WTVR-ը։ Հիգինսը նշել է, որ այդ երեկո ոչ ոք Ջոնսին չէր ծաղրել կամ սպառնացել։
Դատավճիռը «վրեժխնդրական» չէր, այլ հիմնված էր տրամաբանական վերլուծության վրա, ասել է դատավոր Հիգինսը։ Ըստ նրա, Ջոնսը «իրականության ընկալման խեղաթյուրումներ» ուներ, սակայն գիտակցում էր իր գործողությունները՝ ընդգծելով, որ կրակելուց առաջ նա գրել էր, թե կամ «կգնա դժոխք, կամ ավելի քան 100 տարի կանցկացնի բանտում»։




























