«Bloomberg» գործակալությունը հրապարակել է հեռախոսազրույցների սղագրությունները, որոնք տեղի են ունեցել հոկտեմբերի 29-ին Վլադիմիր Պուտինի արտաքին քաղաքականության գլխավոր խորհրդական Յուրի Ուշակովի և Ռուսաստանի նախագահի տնտեսական խորհրդական Կիրիլ Դմիտրիևի միջև, ինչպես նաև հոկտեմբերի 14-ին տեղի ունեցած Ուշակովի և Թրամփի հատուկ բանագնաց Սթիվ Ուիթքոֆի միջև։

«Զելենսկին ուրբաթ օրը կգա Սպիտակ տուն։ Ես կմասնակցեմ այդ հանդիպմանը, որովհետև նրանք ցանկանում են, որ ես այնտեղ լինեմ, բայց ես կարծում եմ, որ, եթե հնարավոր է, մենք պետք է խոսենք ձեր շեֆի հետ մինչև ուրբաթ օրվա այդ հանդիպումը», նշել է Ուիթքոֆը։

Այս զրույցից երկու օր անց տեղի է ունեցել Թրամփի և Պուտինի հեռախոսազրույցը։ Պուտինի հետ զրույցից հետո ԱՄՆ նախագահը ցանկություն է հայտնել հանդիպել նրա հետ Բուդապեշտում։

Հաղորդվում է, որ զրույցի ընթացքում Ուշակովը և Ուիթքոֆը քննարկել են Ռուսաստանի Դաշնության և Ուկրաինայի միջև խաղաղության համաձայնագրի պոտենցիալ պայմանները, որոնք այնուհետև ներառվել են Թրամփի 28 կետից բաղկացած խաղաղության ծրագրում։

«Ես գիտեմ, թե ինչ է անհրաժեշտ խաղաղության համաձայնագիր կնքելու համար: Դոնեցկը և հավանաբար, տարածքների փոխանակում... Կարծում եմ, մենք համաձայնության կհասնենք: Նախագահն ինձ լիազորություններ կտա համաձայնագիր ձեռք բերելու համար»,- ասել է ԱՄՆ նախագահի խորհրդականն իր ռուս գործընկերոջը։

Հոկտեմբերի 29-ին Վլադիմիր Պուտինի արտաքին քաղաքականության գլխավոր խորհրդական Յուրի Ուշակովի և Ռուսաստանի նախագահի տնտեսական խորհրդական Կիրիլ Դմիտրիևի միջև տեղի ունեցած հեռախոսազրույցի սղագրությունից երևում է, որ կողմերը քննարկել են խաղաղության ծրագրի ռուսական տարբերակի նախապատրաստումը, որն էլ հետագայում առաջարկվել է ԱՄՆ նախագահի հատուկ բանագնացին։

«Այս փաստաթուղթը, ուղղակի մենք կկազմենք այն իբր մեր դիրքորոշման համաձայն, և ես ուղղակի ոչ պաշտոնապես անմիջապես կփոխանցեմ, որ այս ամենը ոչ պաշտոնական է։ Իսկ թող նրանք էլ կազմեն որպես իրենցը։ Բայց ես կարծում եմ, որ նրանք ամբողջությամբ մեր տարբերակը չեն վերցնի, բայց առնվազն առավելագույնս մոտ կլինեն դրան», - ասել է Դմիտրիևը Ուշակովին։

Տեքստի մի մասը այսպիսի տեսք ունի.

Ուշակով. Այո՛, Կիրիլ Ալեքսանդրովիչ, լավ, ես ամեն ինչ այնտեղ եմ ուղարկել։ Վաղը այնտեղ կխոսենք։

Դմիտրիև. Հիանալի է, հիանալի է։ Այո, այո, այո, այո։ Ես մեկնում եմ Սաուդյան Արաբիա, բայց կարծում եմ, որ դա իսկապես կարևոր է, այո, որովհետև դա առաջ շարժվելու իսկապես լավ ճանապարհ է։

Ուշակով. Դե, մեզ առավելագույնն է պետք, ենթադրում եմ, ի՞նչ եք կարծում։ Բայց ի՞նչ կա փոխանցելու։

Դմիտրիև. Ոչ, նայեք։ Կարծում եմ՝ մենք պարզապես կնախագծենք այս փաստաթուղթը, կարծես դա մեր դիրքորոշումն է և ես պարզապես ոչ պաշտոնապես կփոխանցեմ, որ սա ամբողջությամբ ոչ պաշտոնական է։ Եվ թող նրանք դա անեն այնպես, կարծես դա իրենցը լինի։ Չեմ կարծում, որ նրանք մեր տարբերակը ճիշտ կընդունեն, բայց գոնե դրան հնարավորինս մոտ մի բան։

Ուշակով. Դե, դա է խնդիրը, նրանք կարող են չընդունել, բայց կասեն, որ դա մեզ հետ համաձայնեցված է եղել։ Ահա թե ինչից եմ ես վախենում։

Դմիտրիև. Ոչ, ոչ, ոչ, ոչ։ Ես անկասկած համաձայն եմ ձեզ հետ, ճիշտ այնպես, ինչպես դուք ասացիք, բառ առ բառ։

Ուշակով. Նրանք կարող են ամեն ինչ փոխել ավելի ուշ։ Դե, այդպիսի վտանգ կա։ Կա։ Դե լավ, մի անհանգստացեք։ Կտեսնենք։

Դմիտրիև. Այո, կարծում եմ՝ այդպես է։ Եվ հետո կարող ես նաև Սթիվի հետ խոսել այս հոդվածի մասին։ Այնպես որ, մենք դա կանենք զգուշորեն։