Կառավարությունն իր այսօրվա՝ նոյեմբերի 27–ի նիստում որոշեց 143 մլն դրամ հատկացնել Արենի և Ոսկեհատ տեսակների խաղողի մթերողներին սուբսիդիա տրամադրելու նպատակով։
Հիմնավորման մեջ նշվում է, որ Վայոց ձորի մարզից 2025 թվականի հոկտեմբերի 1-ից սկսած առնվազն 700 տոննա և ավելի քանակությունը նվազագույնը 220 դրամով Արենի և Ոսկեհատ տեսակների խաղողի մթերումներ իրականացնող տնտեսավարող սուբյեկտներին մթերված ամբողջ ծավալի համար պետք է տրամադրվի սուբսիդավորում 1 կիլոգրամի համար 70 դրամի չափով։
Միջոցառման իրականացման համար անհրաժեշտ ֆինանսական միջոցների պահանջարկը կազմում է 143,025.4 հազար ՀՀ դրամ։
Նշենք, որ սուբսիդիա ստացող տնտեսավարողների թիվը 1 է, իսկ մթերված Արենի և Ոսկեհատ տեսակների խաղողի քանակը՝ 2043.22 տոննա։
Նախագծի ընդունման արդյունքում տնտեսավարող սուբյեկտները հնարավորություն կունենան Վայոց ձորի մարզի պայմանագիր չունեցող խաղողագործների հետ կնքել Արենի և Ոսկեհատ տեսակների խաղողի գնման պայմանագիր և մթերել շուրջ 2043.22 տոննա խաղող՝ կոնյակի սպիրտի արտադրության նպատակով, որով կլուծվի Արենի և Ոսկեհատ տեսակների խաղողի մթերման հետ կապված խնդիրը։





























