Ստամբուլի հատուկ իրավասություններով դատախազ Ջիհան Քանսըզը ավարտել է Թուրքիայի ԶՈՒ գլխավոր շտաբի նախկին պետ Իլքեր Բաշբուղի դեմ պատրաստած մեղադրական զեկույցը:

Թուրքական Hurriyet-ի փոխանցմամբ` մեղադրական զեկույցում Իլքեր Բաշբուղի համար «հեղաշրջման փորձ իրականացնելու» մեղադրանքով պահանջվում է ցմահ եւ «ահաբեկչական կառույցը ղեկավարելու» մեղադրանքով` 15-ից 22 տարի ազատազրկում:

Ստամբուլի ծանր հանցագործությունների դատարանը 15 օրյա ժամկետում պետք է որոշում կայացնի` մեղադրական զեկույցը ընդունելու կամ նրա դեմ առարկություններ ներկայացնի:

Նշենք, որ հունվարի 5-ին Թուրքիայի ԶՈՒ գլխավոր շտաբի նախկին պետ Իլքեր Բաշբուղը կալանվել է «Ինտերնետ հուշագիր» գործի շրջանակներում: Նա մեղադրվում է Թուրքիայի հանրապետության կառավարությունը վերացնելու կամ կառավարության աշխատանքները մասնակիորեն կամ լիովին արգելակելու մեջ:

«Ինտերնետ հուշագիրն» իրենից ներկայացրել է  կայքերի ստեղծում, որոնց միջոցով ԶՈՒ գլխավոր շտաբը պետք է վարկաբեկեր իշխող «Արդարություն եւ զարգացում» կուսակցությանն ու ոչ մահմեդականններին։