Թուրքիայի վարչապետ Ռեջեփ Թայիփ Էրդողանը Չեչնիայի հանրապետությանը Մուհամեդ մարգարեի 3 մազ է նվիրել: Փետրվարի 2-ի ուշ երեկոյան այդ մազերը Ստամբուլից Գրոզնի են առաքվել:
Թուրքիայում չեչենական «Սիվաս» հանձնաժողովի առաջնորդ Այհան Էրգյուվենը Գրոզնիի օդանավակայանում լրագրողներին հայտնել է, որ Թուրքիայի չեչենական համայնքը դիմել է Էրդողանին Չեչնիայի հանրապետությանը սրբից մասունք նվիրելու խնդրանքով: «Մի ամսվա ընթացքում մենք դրական պատասխան ստացանք, եւ այսօր մենք անգին նվերը հասցրինք Գրոզնի», - ասել է նա:
Թեեւ ուժեղ սառնամանիքին` Գրոզնիի օդանավակայանում եւ փողոցներում սուրբ մասունքը դիմավորել են հանրապետության հազարավոր բնակիչներ, այդ թվում նաեւ Չեչնիայի նախագահ Ռամզան Քադիրովը:
Հանրապետության կենտրոնական մզկիթում տեղի է ունեցել կրոնական արարողակարգ, որը նվիրված է եղել այդ իրադարձությանը, հայտնում է «Ինտերֆաքսը»:
Մեկ շաբաթ առաջ` հունվարի 26-ին, Ուզբեկստանից Չեչնիայի հանրապետություն հավերժ պահպանման է ուղարկվել մասունք` արկղիկ, որտեղ գտնվել է մարագարեի մեկ այլ մազ պարունակող ապակե տարա:




























