Նվազագույն աշխատավարձի բարձրացումն ունի նաև այլ հետևանքներ, որը միշտ չէ, որ դրական է։ Այս մասին դեկտեմբերի 3-ին կառավարական ժամի ժամանակ հայտարարել է Հայաստանի աշխատանքի և սոցիալական հարցերի նախարար Արսեն Թորոսյանը։

Նրա խոսքով՝ նվազագույն աշխատավարձը շատ հեռու է այն մակարդակից, որի մասին իշխանությունները երազում են, սակայն դրա բարձրացումն ունի այլ հետևանքներ, այդ թվում՝ հարկաբյուջետային։

«Մենք ոչ մի հակասոցիալական քաղաքականություն չենք վարում որևէ քաղաքացու նկատմամբ․ մեր քաղաքականությունը միտված է  քաղաքացիներին արժանապատիվ աշխատանքով ապահովելուն։ Սոցիալական խնդիրների լուծումը աշխատանքի միջոցով պետք է տեղի ունենա և ոչ թե անապոհովությունը, կամ աղքատությունը պարզապես աջակցելու մեր նպաստային ծրագրերով», - նշել է նա։

Թորոսյանը վստահեցրել է, որ տնտեսական աճին զուգընթաց աշխատատեղերի թիվն ավելանում է։ Նա գնահատում է, որ միջին աշխատավարձը բարձրանում է, իսկ աղքատության մակարդակը՝ նվազում։ «2025 թվականի ցուցանիշները ավելի լավը կլինեն, քան 2024 թվականին են եղել», - եզրափակել է նախարարը։