Թուրքիան անհրաժեշտ միջոցներ է ձեռնարկում Սև ծովի ավազանում սպառնալիքներին հակազդելու համար։ Այս մասին հայտարարել է երկրի պաշտպանության նախարարությունը։

«Տարածաշրջանային պատասխանատվության սկզբունքի շրջանակներում մենք միջոցներ ենք ձեռնարկում [Ուկրաինայում] պատերազմի հետ կապված ծովային սպառնալիքներին հակազդելու համար», - նախարարության ներկայացուցչի խոսքերն է մեջբերում TRT Haber հեռուստաալիքը։

«Ձեռնարկվող միջոցառումներն ուղղված են մեր ծովային գոտիների և կրիտիկական կարևորության ստորջրյա ու վերջրյա կառույցների անվտանգության ապահովմանը, դրանք նախատեսում են հետախուզության և դիտարկում՝ ռազմածովային ու ռազմաօդային ուժերի կիրառմամբ, ինչպես նաև Սև ծովում հակաականային միջոցառումների խմբի շրջանակներում գործունեության շարունակում», – նշել են գերատեսչությունում։