Առաջին անգամ ապահովագրական շուկայում ունենք օտարերկրյա համբավ ունեցող ընկերության մուտք։ Այս մասին այսօր՝ դեկտեմբերի 4–ին, կառավարության նիստի ժամանակ հայտարարեց ԿԲ նախագահ Մարտին Գալստյանը։
Նրա խոսքով՝ «Գրավե Գրուպը» ու «Ցե-Կվադրատը» հայտարարել են «Լիգա Ինշուրանսի» 100% բաժնետոմսերը ձեռք բերելու մտադրության մասին:
««Գրավե»-ն ընկերություն է, որը ֆինանսական ոլորտում բազում ուղղություններով է աշխատում, ունի ապահովագրական ընկերություններ, բանկեր։ «Ցե-Կվադրատը»-ն այն ընկերությունն է, որը կառավարում է մեր կենսաթոշակային ֆոնդերից մեկը։ Այսինքն երկուսի համատեղ ջանքերով իրենք ձեռք են բերում »Լիգա»-ի 100 տոկոսը։ Կարևորն այն է, որ իրենք իրենց հետ բերելու են նոր մշակույթ։ Այսինքն՝ նրանց ներգրավելու մեր ջանքերը հենց այդ ուղղությամբ է եղել, որպեսզի կարողանանք այդ ոլորտում նոր մշակույթ, գիտելիք բերենք»,-տեղեկացրեց Գալստյանը՝ հավելելով, որ դեռ ընկերությունները պետք է փաթեթը ներկայացնեն, որպեսզի ԿԲ-ն իրենց լիցենզիա տրամադրի։
Ըստ ԿԲ նախագահի՝ այս ընկերությունները մտադրված են կյանքի ապահովագրության ոլորտ. «Կյանքի ապահովագրությունը երկու էլեմենտ ունի։ Սովորաբար մենք հասկանում ենք մահից ապահովագրում, բայց դա չի այնքան կարևոր։ Կարևոր է ներդրումային կենսաթոշակներից հետո ստացված գումարները, որը մարդիկ ստանալու են, թե ինչպես են դրանց տիրապետելու։ Այդտեղ կարևոր է այդ միջոցների խելամիտ կառավարումը»։




























