Վիեննայում ԵԱՀԿ արտաքին գործերի նախարարների խորհրդում իր ելույթում Ադրբեջանի արտաքին գործերի նախարար Ջեյհուն Բայրամովը Հարավային Կովկասի տարածաշրջանում խաղաղության հաստատումը գործնականում կապել է ԵԱՀԿ Մինսկի խմբի լուծարման հետ։

Ինչպես հայտարարել է ադրբեջանցի նախարարը, Ադրբեջանն ու Հայաստանը ներկայումս ապրում են երկկողմ հարաբերությունների ամենախաղաղ և կայուն շրջանը։ Նրա խոսքով՝ երկու կողմերն էլ անհրաժեշտ քայլեր են ձեռնարկում տարբեր ուղղություններով կոնկրետ միջոցառումներ իրականացնելու համար՝ կառավարական, խորհրդարանական մակարդակներում և քաղաքացիական հասարակության մակարդակով, նպատակ ունենալով լրացուցիչ թափ հաղորդել խաղաղ գործընթացին։

«Ադրբեջանը, որպես բարի կամքի ժեստ, միակողմանիորեն վերացրել է Հայաստան ապրանքների տարանցման սահմանափակումները։ Այս ձեռքբերումները ակնհայտորեն ցույց են տալիս, որ ուղիղ երկկողմ բանակցությունները առաջ շարժվելու լավագույն ճանապարհն են։ Դրա օգտին Ադրբեջանը մշտապես հանդես է եկել տարիների ընթացքում։ Մեր երկիրը, լինելով խաղաղության օրակարգի նախաձեռնող, շարունակում է հավատարիմ մնալ այս ուղուն և ակնկալում է փոխադարձ քաղաքական կամք և պատասխանատվություն Հայաստանի կողմից», - ասել է Բայրամովը, հայտնում են ադրբեջանական ԶԼՄ-ները։

Նրա խոսքով՝ անցյալ տարվա դեկտեմբերից ի վեր Բաքվի և Երևանի միջև հետհակամարտային հարաբերությունների կարգավորման գործում զգալի առաջընթաց է գրանցվել, որը գագաթնակետին է հասել օգոստոսի 8-ին Վաշինգտոնում կայացած պատմական խաղաղության գագաթնաժողովով։

«(Վաշինգտոնում կայացած առաջնորդների – խմբ.) գագաթնաժողովի արդյունքում Ադրբեջանի և Հայաստանի առաջնորդները ընդունել են համատեղ հռչակագիր, որը ստորագրվել է ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի ներկայությամբ։ Կողմերը պարտավորվել են, որ հակամարտությունը անցյալի մասունք է, այն չի ենթարկվել և չի ենթարկվի որևէ վերանայման փորձի և այժմ նրանք սկսում են բարիդրացիական հարաբերություններ կառուցել՝ հիմնվելով այս իրողության վրա», - նշել է նա։

Բայրամովը նաև շնորհակալություն է հայտնել Ֆինլանդիային, որպես ԵԱՀԿ գործող նախագահող երկրի, Կազմակերպության քարտուղարությանը, ԵԱՀԿ բոլոր անդամ երկրներին, ինչպես նաև Նախարարների խորհրդին Մինսկի գործընթացը փակելու մասին օպերատիվ որոշում ընդունելու համար։ Արտաքին գործերի նախարարը հավելել է, որ արդյունքում «փաստացի խաղաղություն է հաստատվել ԵԱՀԿ նախկինում անկայուն տարածաշրջանում»։

Նախարարը նաև վստահեցրել է, որ «Թրամփի ուղի» նախագծի ժամանակին իրականացումը չափազանց կարևոր նշանակություն ունի Հարավային Կովկասի տարածաշրջանի համար։ Նա ընդգծել է, որ այս բազմամոդալ երթուղին կներառի երկաթուղի, մայրուղի և այլ հաղորդակցություններ։

«TRIPP-ը պետք է անխոչընդոտ հաղորդակցություն ապահովվի Ադրբեջանի մայրցամաքային մասի և Նախիջևանի Ինքնավար Հանրապետության միջև, ինչպես նաև օգուտ բերի Հայաստանին։ Ինչպես բազմիցս նշվել է, հաղորդակցությունների բացման կարևորությունը (տարածաշրջանում - խմբ.) չի սահմանափակվում միայն Հայաստանի և Ադրբեջանի միջև կայուն խաղաղության ապահովմամբ, այլ ենթադրում է շատ ավելի լայն մասշտաբով զգալի օգուտներ», - ասել է Ադրբեջանի արտգործնախարարը։