Անկարան պետք է հրաժարվի ռուսական S-400 հակաօդային պաշտպանության հրթիռային համակարգերից՝ ԱՄՆ F-35 կործանիչների ծրագրին վերադառնալու համար։ Այս հարցի շուրջ բանակցությունները շարունակվում են, հայտարարել է Թուրքիայում ԱՄՆ դեսպան Թոմ Բարաքը։
«Համաձայն ԱՄՆ օրենսդրության՝ F-35 ծրագրին վերադառնալու համար՝ Թուրքիան այլևս չպետք է շահագործի կամ տիրապետի S-400 համակարգին», – գրել է նա X սոցիալական ցանցում։
Դիվանագետը նշել է, որ ԱՄՆ-ի և Թուրքիայի նախագահներ Դոնալդ Թրամփի և Ռեջեփ Թայիփ Էրդողանի միջև հարաբերությունների ներկայիս մակարդակը «համագործակցության նոր մթնոլորտ է ստեղծել, որը հանգեցրել է այս թեմայի շուրջ վերջին տասը տարվա ընթացքում ամենաարդյունավետ զրույցներին»։
«Մենք հույս ունենք, որ առաջիկա ամիսներին այս բանակցությունները կհանգեցնեն առաջընթացի, որը կբավարարի և՛ Միացյալ Նահանգների, և՛ Թուրքիայի անվտանգության կարիքները», - ընդգծել է դեսպանը։
ԱՄՆ-ն Թուրքիային հեռացրել է F-35 կործանիչների ծրագրից, այն բանից հետո, երբ վերջինս 2019 թվականին պայմանագիր է կնքել ռուսական S-400 հակաօդային պաշտպանության համակարգերի վերաբերյալ։




























