Նիկոլ Փաշինյան– Իլհամ Ալիև– Թրամփ բանակցություններում, երբ Թրամփը փորձում էր առաջ քաշել հայ ռազմագերիների հարցը, բայց Նիկոլ Փաշինյանը խոչընդոտեց դրան, սահմանափակեց այդ հարցը։ Այս մասին, այսօր՝ դեկտեմբերի 10–ին, Հայաստանում ՄԱԿ–ի գրասենյակի դիմաց բողոքի ակցիայի ժամանակ նշեց ՀՅԴ «Նիկոլ Աղբալյան» ուսանողական միության «Վահան Հովհաննիսյան» ազգային քաղաքական դպրոցի պատասխանատու Տարոն Ղազարյանը։

«Այո, ես ունեմ այն տպավորությունը, որ Հայաստանի իշխանությունները և Նիկոլ Փաշինյանը փորձում են ամեն բան անել, ջանքեր են գործադրում, որ առնվազն Արցախի ռազմաքաղաքական ղեկավարությունը պահվի Բաքվի բանտերում»,–ասաց նա։

Հարցին՝ ինչ չեն անում իշխանությունները, որ պետք է անեն այդ ուղղությամբ, Տարոն Ղազարյանը ասաց, որ կարելի էր գերիների վերադարձի դրույթը ներառել վաշինգտոնյան համաձայնությունների մեջ. «Կարելի է ոչ միայն միջազգային կազմակերպությունների, այլև խոշոր միջազգային հարաբերություններում դերակատար պետությունների հետ շփումներում, պարզապես բարձրացնել այս հարցերը, և ինչպես Ադրբեջանը նաև իր գործընկեր Թուրքիան միշտ հարաբերությունների այս չակերտավոր կարգավորման խնդրում բազմաթիվ նախապայմաններ են առաջ քաշում, առնվազն մեր մեկ–երկու փոքր նախապայմանը կարող էր լինել ռազմագերիների ազատ արձակումը»,–ասաց նա։

Երիտասարդ դաշնակցականը նշեց, որ քանի դեռ հայ գերիները Բաքվի բանտերում են, իրական խաղաղություն չի կարող լինել. «Եթե դու ունես պատանդառված քաղաքացիներ քո թշնամի երկրում, սա արդեն ակնհայտ է դարձնում, որ այս խաղաղության գործընթացը ամբողջովին կեղծ է»։