ԱՄՆ-ի և Թուրքիայի նախագահներ Դոնալդ Թրամփն ու Ռեջեփ Թայիփ Էրդողանը «վերջին տասնամյակի ամենաարդյունավետ» բանակցություններն են վարում Անկարայի՝ «F-35 կործանիչների ծրագիր» հնարավոր վերադարձի շուրջ։ Այս մասին հայտնել է Թուրքիայում ԱՄՆ դեսպան և Սիրիայի հարցերով ԱՄՆ նախագահի հատուկ ներկայացուցիչ Թոմ Բարաքը։
«Միացյալ Նահանգները բանակցություններ է վարում Թուրքիայի հետ՝ նրա F-35 ծրագիր հնարավոր վերադարձի և ռուսական S-400 զենիթահրթիռային համակարգ ունենալու հարցի շուրջ։ Ամերիկյան օրենսդրության համաձայն, Թուրքիան պետք է հրաժարվի S-400 համակարգի շահագործումից և տիրապետումից՝ F-35 ծրագրին իր մասնակցությունը վերականգնելու համար։ Նախագահ Թրամփի և նախագահ Էրդողանի միջև դրական հարաբերությունները համագործակցության նոր մթնոլորտ են ստեղծել, որի շրջանակներում տեղի են ունենում այս թեմայի վերաբերյալ վերջին տասնամյակի ամենաարդյունավետ քննարկումները։ Մենք հույս ունենք, որ առաջիկա ամիսներին այս բանակցությունները կհանգեցնեն բեկումնային լուծման, որը կբխի ինչպես Միացյալ Նահանտների, այնպես էլ Թուրքիայի անվտանգության շահերից»,— գրել է նա X սոցիալական ցանցում։
Թուրքիան 2017 թվականին Ռուսաստանից ձեռք էր բերել S-400 ՀՕՊ համակարգերի չորս դիվիզիան՝ 2,5 միլիարդ դոլար արժողությամբ։ 2019 թվականի հոկտեմբերին «Ռոսօբորոնէքսպորտը» հայտնել էր, որ համակարգերի մատակարարման պայմանագիրը կատարվել է։ Թուրքիայի և Ռուսաստանի միջև S-400 գնդային հավաքածուի մատակարարման շուրջ պայմանագիր կնքելուց հետո Անկարան դուրս է բերվել F-35 նոր սերնդի կործանիչների ստեղծման ԱՄՆ ծրագրից։ Միևնույն ժամանակ, Թուրքիայի պաշտպանության նախարարությունից բազմիցս հայտարարել են, որ «S-400-ի նկատմամբ մոտեցումներում փոփոխություններ չկան»։





























