Գիտնականներն առաջին անգամ կարողացել են ավելի հստակ պատասխան տալ այն հարցին, թե ինչու են անհետացել «հոբիթները»՝ Ինդոնեզիայի Ֆլորես կղզում ապրող հին մարդիկ, որոնք հայտնի են որպես Homo floresiensis:

Communications Earth & Environment հանդեսում հրապարակված նոր հետազոտությունը պարզել է, որ նրանց անհետացումն, ըստ ամենայնի, կապված է երկարատև երաշտի և ռեսուրսների սակավության հետ, որը սրվել է նոր ժամանած Homo sapiens-ի հետ մրցակցությամբ:

Կղզու քարանձավներից ստացված ստալակտիտների և ստալագմիտների վերլուծությունը թույլ է տվել նրանց վերականգնել մոտավորապես 76 հազարից 61 հազար տարի առաջվա կլիմայական պայմանները: Գիտնականները հայտնաբերել են, որ տեղումները նվազել են գրեթե կիսով՝ տարեկան 1,560 մմ-ից հասնելով 990 մմ-ի: Կլիմայի փոփոխությունը հանգեցրել է գետերի և քաղցրահամ ջրի աղբյուրների չորացմանը, իսկ բուսականությունն ու կենդանիները, այդ թվում՝ ստեգոդոն անունով հայտնի գաճաճ փղերը, սննդի լուրջ պակաս են ապրել: Հնէաբանական ապացույցները հաստատում են, որ ստեգոդոնի պոպուլյացիան կտրուկ նվազել է այդ ժամանակահատվածում։

Homo floresiensis-ի համար դա նշանակում էր իրենց բնական միջավայրի կորուստ։ Հին մարդիկ ստիպված էին լեռնային քարանձավներից իջնել ափամերձ տարածքներ՝ սնունդ և ջուր հայթայթելու համար։

Հենց այս ժամանակ էլ մեր նախնիները՝ Homo sapiens-ները, ժամանել են կղզի, ինչը կարող էր հանգեցնել սահմանափակ ռեսուրսների համար ուղղակի մրցակցության։ Հնարավոր հրաբխային ակտիվության հետ մեկտեղ, այս գործոնները ծայրահեղ պայմաններ են ստեղծել հոբբիթների գոյատևման համար։

Հետազոտողներն ընդգծում են, որ չի կարելի տեսակի անհետացման պատճառ համարել միայն Homo sapiens-ների ժամանումը։ Հիմնական կատալիզատորը, ըստ երևույթին, շրջակա միջավայրի փոփոխություններն էին՝ երաշտը, սննդի և ջրի նվազումը և սթրեսն էկոհամակարգի համար։

Միևնույն ժամանակ, նոր հետազոտությունը ցույց է տալիս, թե որքան զգայուն են փոքր կղզիների պոպուլյացիաները կլիմայի փոփոխության նկատմամբ և որքան արագ կարող են նման փոփոխությունները հանգեցնել ոչնչացման։