Եվրամիությունը փաստացիորեն չեղարկել է ներքին այրման շարժիչով մեքենաների լիակատար արգելքի ծրագրերը։ Բրյուսելում ինտենսիվ բանակցություններից հետո որոշվել է մինչև 2035 թվականը հանել CO₂ արտանետումների 100% կրճատման պահանջը, հաղորդում է Bild-ը։ Դրա փոխարեն ավտոարտադրողներին կտրվի ավելի մեղմ նպատակ՝ արտանետումները կրճատել 90%-ով։ Սա նշանակում է, որ բենզինով և դիզելային վառելիքով աշխատող մեքենաները կշարունակեն հասանելի լինել ԵՄ շուկայում, թեև սահմանափակ քանակությամբ։
Եվրոպական ժողովրդական կուսակցության (ԵԺԿ) ղեկավար Մանֆրեդ Վեբերը հաստատել է, որ նույնիսկ 2040 թվականից հետո ԵՄ-ում նոր ներքին այրման շարժիչով մեքենաների արտադրությունը լիովին չի արգելվի։
Վեբերի խոսքով՝ այս որոշումը թույլ է տալիս շարունակել Գերմանիայում ներկայում արտադրվող բոլոր տեսակի շարժիչների արտադրությունը։ Գնորդների համար սա նշանակում է, որ ընտրության հնարավորություն կա. 2035 թվականից հետո հասանելի կլինեն ինչպես նոր, այնպես էլ օգտագործված ներքին այրման շարժիչով մեքենաներ։
Այնուամենայնիվ, շատ բան մնում է անհասկանալի։ Օրինակ՝ Բրյուսելը դեռևս քննարկում է, թե ինչ է նշանակում ներքին այրման շարժիչների համար նախատեսված «10 տոկոսանոց պատուհանը». մեքենաների մասնաբաժի՞նը, թե՞ ընդհանուր արտանետումները։
«Տեխնոլոգիապես բաց և պրագմատիկ մոտեցումը, որը հաշվի է առնում համաշխարհային միտումները և պահպանում է Եվրոպայում արդյունաբերական ավելացված արժեքը, մնում է որոշիչ»,- Bild-ին ասել է Գերմանիայի ավտոարտադրողների ասոցիացիայի ղեկավար Հիլդեգարդ Մյուլլերը։
Ըստ ZDF Politbarometer-ի հարցման՝ Գերմանիայի քաղաքացիների 63%-ը կարծում է, որ բենզինային և դիզելային շարժիչներով նոր մեքենաները 2035 թվականից հետո ևս պետք է թույլատրվեն։



























