Նոր հարցման համաձայն, Ֆրանսիայի ժողովրդի վստահությունը նախագահ Էմանուել Մակրոնի նկատմամբ հասել է ռեկորդային ցածր մակարդակի, գրում է dpa-ն։

Toluna-Harris Interactive հետազոտական ընկերության և LCI news-ի անցկացրած հարցմանը մասնակցած քաղաքացիների միայն 25%-ն է նշել, որ վստահում է 48-ամյա առաջնորդին երկրի համար արդյունավետ քաղաքականություն վարելու հարցում։ Ըստ ուրբաթ օրը հրապարակված տվյալների՝ սա ամենացածր ցուցանիշն է Մակրոնի՝ 2017 թվականին պաշտոնը ստանձնելու պահից։

Ֆրանսիայի նախագահը մեկ անգամ արդեն հասել էր այս մակարդակին հոկտեմբերին։ 22-23 դեկտեմբերի ընթացքում անցկացված առցանց հարցմանը մասնակցել է ընդհանուր առմամբ 1099 մարդ։ Հարցումն իրականացվում է ամեն ամիս՝ որպես, այսպես կոչված, «քաղաքական վստահության բարոմետր»։

Նոյեմբերի համեմատ Մակրոնի ժողովրդականությունը նվազել է չորս տոկոսային կետով։ Նրա վարկանիշն արդեն մի քանի ամիս պահպանվում է 30%-ից ցածր՝ հիմնականում ազգային խնդիրներով պայմանավորված աճող ճնշման ֆոնին։