Ֆլորիդայում Դոնալդ Թրամփի մասնավոր նստավայրում Ուկրաինայի և ԱՄՆ-ի բանակցությունները սկսվել են լանչով, որի ժամանակ ամերիկյան կողմը մատուցել է նաև Թրամփի անունը կրող տորթ, տեղեկացնում է «Европейская правда»-ն։

Ճաշացանկը, որը երկկողմ հանդիպումների կանոնների համաձայն պատրաստում է ընդունող կողմը, ներառել է ամերիկյան խոհանոցին բնորոշ ավանդական ուտեստներ։ Դրանք էին, մասնավորապես, հավի արգանակը և տապակած կարտոֆիլով մատուցվող սթեյքերը։ Այնուամենայնիվ, որպես աղանդեր՝ Թրամփի թիմը հատուկ ուտեստ էր պատրաստել․ յուրաքանչյուրը ստացել է «Թրամփ» անվանումով շոկոլադե տորթի մի կտոր։

Նախկինում լրատվամիջոցներում արդեն հայտնվել էր «Թրամփ» տորթի լուսանկարը, սակայն այս անգամ, ըստ «Европейская правда»-ի, աղանդերն այլ էր․ այն ուներ ավելի քիչ շերտեր, փոխարենը պատված էր ոսկեգույն տոպինգով։

Բրիտանական The Telegraph-ը նշում է, որ սա առաջին դեպքը չէ, երբ Թրամփն օտարերկրյա հյուրերին հյուրասիրում է իր անունը կրող ուտեստներով։ Ավելին՝ այս թխվածքը Մար-ա-Լագոյի ճաշացանկում Թրամփի անվամբ կոչված միակ ուտեստը չէ։ Օրինակ՝ այնտեղ մատուցում են նաև «Թրամփի խորանարդիկներով աղցան»։