Բոսնիա և Հերցեգովինայի կառավարությունը երկրի տարածքում օրինականացրել է բժշկական նպատակներով կանեփի օգտագործումը։ Այս մասին նշված է բալկանյան պետության Նախարարների խորհրդի հերթական նիստի արձանագրության մեջ։

«Բոսնիա և Հերցեգովինայի Նախարարների խորհուրդը, քաղաքացիական գործերի նախարարության առաջարկով, ընդունել է որոշում՝ թմրամիջոցների ցանկում փոփոխություններ կատարելու մասին։ Այն կանեփը, դրա խեժերն ու էքստրակտները արգելված նյութերի ցանկից տեղափոխում է խիստ հսկողության տակ գտնվող նյութերի և բույսերի ցանկ, դրանով իսկ ճանապարհ բացելով դրա բժշկական կիրառման համար»,- նշվում է փաստաթղթում։

Ինչպես նշել են բալկանյան պետության կառավարությունում, այս քայլը նպատակ ունի «հսկողության տակ առնել» երկրում կանաբինոիդների սև շուկան։ Սարաևոյում նաև ընդգծել են, որ կանեփի օրինականացման որոշմամբ Բոսնիա և Հերցեգովինան «միանում է ԵՄ և տարածաշրջանի մի շարք երկրների», որոնք արդեն իսկ ձեռնարկել են նմանատիպ միջոցներ։