Հնդկաստանի բնակիչը՝ երկրորդ կնոջից ազատվելու համար բեմադրել է սեփական մահը։ Այս մասին հայտնում է Times of India պարբերականը։
Դեպքը տեղի է ունեցել Ուտարաքհանդ նահանգում։ 33-ամյա երկկին Մանոյ Կումարը հոգնել էր խաբեություններից ու սկանդալներից և որոշել էր խնդրին մոտենալ արմատական ձևով։ Երկրորդ կնոջից թաքնվելու համար նա մանրակրկիտ պլան էր կազմել։ Նշանակված օրը նա տնից հեռացել է բանկում հարցազրույցի մասնակցելու պատրվակով և չի վերադարձել։ Դրա փոխարեն նա թաքնվել է այն տանը, որտեղ ապրում էր իր առաջին կնոջ հետ։
Երկրորդ կինը ոստիկանություն է դիմել Կումարի անհետացման մասին։ Իրավապահները շուտով գտել են ջարդված սկուտերը և եզրակացրել, որ նա դժբախտ պատահարի զոհ է դարձել։ Որոնողական խմբերը 19 օր շարունակ որոնել են անտառներում ու ձորերի լանջերում։ Ճշմարտությունը բացահայտվել է, երբ ոստիկանությունը հետևել է Կումարի հանկարծակի միացած բջջային հեռախոսին։ Պարզվել է, որ ազդանշանը գալիս էր Դելիից։ Տղամարդուն արագ գտել են և բերման ենթարկել։
«Դա ոչ թե դժբախտ պատահար էր կամ հանցագործություն, այլ բեմադրություն։ Նրա նկատմամբ միջոցներ կձեռնարկվեն հանրային ռեսուրսների վատնման և իշխանություններին մոլորեցնելու համար»,- հայտարարել է Ալմորայի ոստիկանության ավագ սուպերինտենդանտ Դևենդրա Պինչան։




























