Դեկտեմբերին Ուկրաինան ռեկորդային թվով հարվածներ է հասցրել ռուսական էներգետիկ ենթակառուցվածքներին՝ լայնածավալ պատերազմի սկսվելուց ի վեր: Երկու կողմերի հրապարակային հայտարարությունների վրա հիմնված Bloomberg-ի հաշվարկների համաձայն՝ ամսվա ընթացքում ռուսական նավթի և գազի օբյեկտների վրա իրականացվել է առնվազն 24 հարձակում: Սա ամսական ամենաբարձր ցուցանիշն է, որը գերազանցում է նոյեմբերին սահմանված նախորդ ռեկորդը (23 հարձակում): Այս ամսվա հարվածների թիրախների թվում են եղել 10 նավթավերամշակման գործարան, 11 ծովային ենթակառուցվածքային օբյեկտ, երկու լցանավ և մեկ խոշոր խողովակաշարային համակարգ:

Գործակալությունը նշում է, որ նման հարձակումներն ուժեղացնում են ճնշումը ռուսական էներգետիկ արտահանման վրա, որն արդեն իսկ դժվարություններ է կրում միջազգային պատժամիջոցների պատճառով։ Ռուսաստանը շարունակում է նավթի զգալի ծավալներ մատակարարել արտաքին շուկա, սակայն պատերազմի հիմնական աղբյուր հանդիսացող նավթագազային եկամուտների հոսքը նվազում է։ Կառավարության գնահատմամբ՝ բյուջեում նավթագազային մուտքերի մասնաբաժինն այս տարի կարող է իջնել մինչև 23%, ինչը կդառնա դիտարկումների ողջ պատմության ընթացքում նվազագույն ցուցանիշը, գրում է Bloomberg-ը։

Դեկտեմբերին Կիևը հատուկ ուշադրություն է դարձրել ծովային ենթակառուցվածքներին։ Գործակալությունը հիշեցնում է, որ ամսվա ընթացքում բազմիցս հարձակման են ենթարկվել Կասպից ծովում «Լուկօյլի» նավթագազային հանքավայրերը, ինչպես նաև Տաման և Ռոստով նավահանգիստները, որտեղ հարվածների հետևանքով մի քանի լցանավեր են բռնկվել։ Ուկրաինան նաև շարունակել է հարվածել Ռուսաստանի «ստվերային նավատորմին» և առաջին անգամ կիրառել է Storm Shadow տեսակի օդային բազավորման թևավոր հրթիռներ՝ նավթավերամշակման գործարանին հարվածելու համար՝ գրոհելով Նովոշախտինսկի ձեռնարկությունը

Հարվածների ակտիվացումը տեղի է ունենում ռուսական նավթավերամշակման ոլորտում արդեն իսկ նկատելի անկման ֆոնին: Ինչպես ավելի վաղ հայտնել է Reuters գործակալությունը՝ հղում անելով ոլորտային վիճակագրությանը ծանոթ աղբյուրին, անցյալ տարի անօդաչու թռչող սարքերի հարձակումների պատճառով Ռուսաստանում նավթավերամշակման ծավալները նվազել են մինչև 12 տարվա նվազագույն ցուցանիշի՝ հասնելով 266 մլն տոննայի և ընթացիկ տարվա արդյունքներով, գործակալության գնահատմամբ, կմնան մոտավորապես նույն մակարդակի վրա: Հունվար-հոկտեմբեր ամիսներին նավթավերամշակման գործարանների (ՆՎԳ) արտադրանքը կրճատվել է 3%-ով՝ հասնելով օրական 5,2 մլն բարելի:

Reuters-ի տեղեկություններով՝ առաջին կիսամյակում «Ռոսնեֆտի» շահույթն ընկել է երեք անգամ, «Լուկօյլինը»՝ երկու անգամ, իսկ «Սուրգուտնեֆտեգազը» դարձել է վնասաբեր: Դաշնային բյուջեի նավթագազային եկամուտները հունվար-նոյեմբերին կրճատվել են 21%-ով, իսկ դեկտեմբերյան եկամուտները, ըստ Reuters-ի հաշվարկների, կարող են դառնալ ամենացածրը 2020 թվականի օգոստոսից ի վեր