Եվրոպական որոշ առաջնորդներ Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկուն ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի հետ հանդիպման նախօրեին խորհուրդ են տվել զգույշ լինել և «շատ հեռու չգնալ»։ Այս մասին հայտնել է Spiegel պարբերականը:

Պարբերականը հայտարարել է, որ իր տրամադրության տակ է հայտնվել շաբաթ օրը Զելենսկու և եվրոպական առաջնորդների միջև տեղի ունեցած տեսակոնֆերանսի անգլերեն ստենոգրամայի տեքստը, որը կայացել է Ուկրաինայի նախագահի՝ ԱՄՆ կատարած այցի նախօրեին:

Պարբերականի տեղեկությունների համաձայն՝ Գերմանիայի կանցլեր Ֆրիդրիխ Մերցը, ով կազմակերպել էր հեռուստակոնֆերանսը, ասել է, որ կարևոր է, որ Զելենսկին ԱՄՆ-ի հետ տարածքային հարցերի, անվտանգության երաշխիքների և վերականգնման շուրջ պայմանավորվելու ուղիներ գտնի: Մերցն ուկրաինացի նախագահին խնդրել է «շատ հեռու չգնալ» և միևնույն ժամանակ «զգույշ» լինել:

Գերմանիայի կառավարության մամուլի քարտուղարը, ի պատասխան պարբերականի հարցման, հայտնել է, որ դաշնային կառավարությունը չի մեկնաբանում գաղտնի բանակցությունների մանրամասները: Միևնույն ժամանակ, զրույցի մեկ այլ մասնակից հաստատել է, որ տեսակոնֆերանսի բովանդակությունը ճիշտ է արտացոլված, սակայն չի ցանկացել հաստատել առանձին մեջբերումներ, քանի որ դա գաղտնի խոսակցություն է եղել։

Ըստ ստենոգրամայի տեքստի՝ Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնը եվրոպացիներին կոչ է արել արագացնել աշխատանքը անվտանգության երաշխիքների շուրջ և որքան հնարավոր է շուտ վերջնականապես հստակեցնել իրենց մասնակցությունը։

ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղար Մարկ Ռյուտեն, համաձայն ստենոգրամայի, արտահայտվել է համանման կերպով՝ եվրոպացիները չպետք է թողնեն գործընթացը դանդաղեցնողների տպավորություն։ Այնուամենայնիվ, կառավարությունների մի քանի ղեկավարներ նշել են, որ անվտանգության երաշխիքների կամ նույնիսկ զորքեր ուղարկելու համար անհրաժեշտ է խորհրդարանների քննարկումը։

Շաբաթ օրը կայացած հեռուստակոնֆերանսի ժամանակ Դանիայի, Շվեդիայի և Նորվեգիայի վարչապետներ Մետե Ֆրեդերիկսենը, Ուլֆ Քրիստերսոնը և Յոնաս Գար Ստյորեն խնդրել են նախագահ Զելենսկուն՝ Թրամփի հետ հանդիպումից հետո հնարավորինս մանրամասն տեղեկացնել հնարավոր անվտանգության երաշխիքների վերաբերյալ ամերիկացիների տված խոստումների մասին։

Մի քանի անգամ հնչել է այն միտքը, որ դա անհրաժեշտ է տեսնել «թղթի վրա», ինչպես նաև խորհուրդ է տրվել, որ Ուկրաինայի նախագահը տարածքային հարցերում պաշտոնական զիջումներ չանի առանց անվտանգության երաշխիքների վերաբերյալ հաստատուն պարտավորությունների։

Մերցը նույնպես ընդգծել է, որ իրենք պատրաստ են խաղաղության համաձայնագրի մաս դառնալ, սակայն մինչև ստորագրելը պետք է իմանան դրա բովանդակությունը։

Ըստ ստենոգրամայի՝ պետությունների և կառավարությունների շատ ղեկավարներ Զելենսկուն խորհուրդ են տվել հարցնել Թրամփին՝ խաղաղության պլանի ներկայիս տարբերակի վերաբերյալ Ռուսաստանի դիրքորոշման մասին

Իտալիայի վարչապետ Ջորջիա Մելոնին, Մակրոնը և Մերցը նույնպես կոչ են արել Զելենսկուն հարցնել Թրամփին, թե նա ինչ է անելու, եթե Ռուսաստանը «ոչ» ասի խաղաղության այն պլանին, որը եվրոպացիներն ու Ուկրաինան վերջին շաբաթների ընթացքում քննարկել են ամերիկացիների հետ։

Այս 20 կետերը զգալիորեն տարբերվում են 28 կետից բաղկացած այն փաստաթղթից, որի վրա մեծապես ազդել էր Ռուսաստանը և որը ելակետ էր հանդիսացել նոր բանակցությունների համար։

Նույնիսկ Թրամփի և Զելենսկու հանդիպումից հետո եվրոպացի դիվանագետները հայտարարել են, որ պարզ չէ, թե տարածքային հարցերում ինչ դիրքորոշում կորդեգրի Ռուսաստանը։