Իսրայելի վարչապետ Բենիամին Նեթանյահուն հնարավոր է համարում հաջորդ տարի Գազայի հատվածում նոր կառավարության ձևավորումը՝ պաղեստինյան արմատական «Համաս» շարժման զինաթափման պայմանով։ Այս մասին նա հայտարարել է Fox News հեռուստաալիքին տված հարցազրույցում։

«Գազայում նոր կառավարություն հնարավոր է, եթե զինաթափվի «Համասը»»,- ասել է Նեթանյահուն։ Նրա խոսքով՝ «պոտենցիալ նոր կառավարությունը» չի կարողանա աշխատանք սկսել ։պաղեստինյան անկլավում, «եթե «Համասը» զենք ունենա»։

«Եթե մենք զինաթափենք «Համասին» միջազգային ուժերի օգնությամբ կամ որևէ այլ ճանապարհով, ապա այո՛, ես Գազայի համար այլ ապագա եմ տեսնում»,- հավելել է Իսրայելի նախարարների կաբինետի ղեկավարը։ «Մնում է անել այդ քայլը,- ընդգծել է նա՝ խոսելով զինաթափման մասին,- բոլորն էլ դա հասկանում են։ Կարծում եմ՝ «Համասում» դա հասկանում են։ Եվ հենց այդ պատճառով նրանք չեն ցանկանում դա անել»։ «Էությունը «Համասի» հետ բանակցություններ վարելը չէ»,- կարծում է Նեթանյահուն։ Նրա կարծիքով՝ պաղեստինյան շարժումը պետք է «անհետանա»։ «Գիտե՞ք՝ ով է դա ամենից շատ ուզում դրանից։ Գազայի բնակիչները»,- պնդել է վարչապետը։

Նրա վարկածով՝ «Համասի» շարքերում «դեռևս կա շուրջ 20 հազար մարդ, ըստ էության՝ Կալաշնիկովի ինքնաձիգներով, որոնք նրանք պարբերաբար կիրառում են՝ մահապատժի ենթարկելով յուրաքանչյուրին, ով չի ցանկանում նրանց բռնապետության շարունակությունը»։ «Նրանք բազմաթիվ պաղեստինցիների են սպանել»,- կարծում է Նեթանյահուն։ Նա նաև հայտարարել է, որ «Համասի» տրամադրության տակ կա «ընդամենը 60 հազար Կալաշնիկովի ինքնաձիգ»։ «Զինաթափման էությունը հենց սա է՝ նրանցից խլել այդ ինքնաձիգները»,- հավելել է կառավարության ղեկավարը։ Նրա խոսքով՝ անհրաժեշտ է նաև ոչնչացնել շարժման անդամների կողմից օգտագործվող թունելները։ «Համասը հրաժարվում է դա անել»,- ասել է Նեթանյահուն։