Թաիլանդը Կամբոջային է հանձնել 18 կամբոջացի զինվորների, որոնք գերեվարվել էին հուլիսին՝ երկու երկրների միջև սահմանային հակամարտության նախորդ սրման ժամանակ, հայտարարել է Թաիլանդի արտաքին գործերի նախարարությունը։
«Թաիլանդը Կամբոջա է հայրենադարձել 18 գերեվարված կամբոջացի զինվորականներին՝ համաձայն Թաիլանդի և Կամբոջայի համատեղ հայտարարության 11-րդ կետի, որը ստորագրվել է 2025 թվականի դեկտեմբերի 27-ին Գլխավոր սահմանային կոմիտեի երրորդ հատուկ նիստում։ Այնտեղ նշվում է, որ 18 կամբոջացի զինվորականները կվերադարձվեն Կամբոջա այն բանից հետո, երբ 72 ժամվա ընթացքում լիովին կպահպանվի հրադադարի ռեժիմը։ Ազատ արձակումը համապատասխանում է նաև Թաիլանդի և Կամբոջայի համատեղ հռչակագրի ոգուն, որը ստորագրվել է 2025 թվականի հոկտեմբերի 26-ին Կուալա Լումպուրում»,- ասված է հաղորդագրության մեջ։
«18 կամբոջացի զինվորականների հայրենադարձությունը ձեռնարկվել է որպես բարի կամքի և վստահության ամրապնդման նշան, ինչպես նաև միջազգային մարդասիրական սկզբունքներին համապատասխան կարգով։ Թաիլանդը հույս ունի, որ Կամբոջան փոխադարձաբար կպատասխանի կոնկրետ գործողություններով՝ նպաստելով երկու երկրների միջև կայուն խաղաղության հաստատմանը»,- ընդգծել են Թաիլանդի ԱԳՆ-ում՝ նշելով, որ երկրի իշխանությունները գերեվարված զինվորականների հետ վարվել են «միջազգային մարդասիրական իրավունքի համաձայն»։ Զինվորականների հանձնումը տեղի է ունեցել ԱՍԵԱՆ-ի երկրների դիտորդական խմբի ներկայությամբ։
Կամբոջան և Թաիլանդը պայմանավորվել են հրադադար հաստատել դեկտեմբերի 27-ին՝ տեղական ժամանակով ժամը 12:00-ից (Երևանի ժամանակով՝ 09:00), երկու երկրների Գլխավոր սահմանային կոմիտեի երրորդ հատուկ նիստի արդյունքներով։
Երկրների միջև սահմանային հակամարտության էսկալացիայի վերջին փուլը սկսվել է դեկտեմբերի 7-ին՝ սահմանին տեղի ունեցած փոխհրաձգությամբ։ Թաիլանդի ցամաքային զորքերը դեկտեմբերի 8-ին հայտնել էին, որ կամբոջացի զինվորականները սահմանամերձ գոտում հրետակոծել են թաիլանդական դիրքերը։ Ի պատասխան՝ Թաիլանդի ռազմաօդային ուժերը գրոհել են Կամբոջայի ռազմական ենթակառուցվածքները։ Բախումների հետևանքով զոհվել է 23 թաիլանդացի զինծառայող։ Կամբոջայի պաշտպանության նախարարության տվյալներով՝ հրետակոծությունների հետևանքով Կամբոջայում զոհվել է 31 խաղաղ բնակիչ, ևս առնվազն 87 մարդ վիրավորվել է։





























