Դեկտեմբերի 31-ի գիշերը ուկրաինական անօդաչու թռչող սարքերը հարձակվել են Կրասնոդարի երկրամասի Տուապսե քաղաքի վրա։ Հարձակման հետևանքով վնասվել են ծովային նավահանգստի կառամատույցը, նավթավերամշակման գործարանը (ՆՎԳ), բնակելի հատվածի գազատար խողովակը և հինգ բնակելի տուն, հայտնել են տարածաշրջանի օպերատիվ շտաբից։ Տուժել է երկու մարդ, նրանց հոսպիտալացրել են և ցուցաբերում են անհրաժեշտ օգնություն։ «Կառամատույցներից մեկում բռնկված հրդեհն օպերատիվորեն մարվել է։ Նավթավերամշակման գործարանի տարածքում՝ 300 քառակուսի մետր տարածքում հրդեհը նույնպես հանգցվել է։ Աշխատանքներում ներգրավվել են 64 մարդ և 16 միավոր տեխնիկա։ Այս մասին հայտնել են օպերատիվ շտաբում

Տուապսեի նավահանգստում է գտնվում Սև ծովում Ռուսաստանի խոշորագույն նավթալցման տերմինալներից մեկը։ Մինչ այս այն բազմիցս ենթարկվել է հարձակումների Ուկրաինայի կողմից։ Նոյեմբերի 10-ին անօդաչու մոտորանավակները մտել էին դրա ջրատարածք, իսկ դրանցից մեկը պայթել էր ափագծի մոտ։ Դրանից առաջ՝ նոյեմբերի 2-ին, անօդաչու թռչող սարքերը վնասել էին նավթալցման տերմինալի ենթակառուցվածքը և կայանած երկու լցանավեր։ Իր հերթին, Տուապսեի նավթավերամշակման գործարանը (ՆՎԳ), որը պատկանում է «Ռոսնեֆտին», միակն է Ռուսաստանի սևծովյան ափին և դասվում է երկրի 10 խոշորագույն գործարանների շարքին։ Ձեռնարկության վերամշակման հզորությունը կազմում է տարեկան 12 մլն տոննա։ Ընդ որում, գործարանն ամբողջությամբ կողմնորոշված է դեպի արտահանում և բենզին ու դիզելային վառելիք չի մատակարարում ներքին շուկային։ Տուապսեի նավահանգստի վրա նոյեմբերյան հարձակումներից հետո ՆՎԳ-ն երկու շաբաթով դադարեցրել է նավթի վերամշակումը

ՌԴ պաշտպանության նախարարության ամփոփագրի համաձայն՝ անցած գիշեր հակաօդային պաշտպանության (ՀՕՊ) հերթապահ միջոցներով «որսացվել և ոչնչացվել է» ինքնաթիռային տիպի 86 ուկրաինական անօդաչու թռչող սարք: Դրանց մեծ մասը՝ 56 ապարատ, խոցվել է Սև ծովի ջրատարածքի վրա: Կրասնոդարի երկրամասի տարածքում խոցվել է հինգ անօդաչու: