Գվինեայի անցումային շրջանի գործող նախագահ, 45-ամյա Մամադի Դումբույան հաղթանակ է տարել դեկտեմբերի 28-ին երկրում կայացած պետության ղեկավարի ընտրություններում։ Այս մասին հայտնել է Ընտրությունների գլխավոր տնօրինության ղեկավար Ջենաբ Տուրեն՝ հրապարակելով քվեարկության նախնական արդյունքները։

«Դումբույան հաղթել է ընտրություններում՝ ստանալով ձայների 86,72%-ը, - նրա խոսքերն է մեջբերում Գվինեայի ռադիոհեռարձակման և հեռուստատեսության ծառայությունը։ - Ընտրությունների երկրորդ փուլ չի լինի»։

Նախագահի պաշտոնի համար պայքարել է ինը թեկնածու։ Ընտրությունների վերջնական արդյունքները կամփոփի Սահմանադրական դատարանը՝ հնարավոր բողոքների և վերաքննարկումների քննումից հետո, ինչի համար նրան տրված է մեկ շաբաթ ժամանակ։

Ընտրություններն անցկացվել են նոր սահմանադրության հիման վրա, որն ընդունվել է սեպտեմբերին կայացած համազգային հանրաքվեով։ Մայր օրենքը նախագահական մանդատի ժամկետը հինգից հասցրել է յոթ տարվա։ Միևնույն ժամանակ, գործում է նորմը, որը սահմանափակում է նույն անձի պաշտոնավարումը որպես պետության ղեկավար երկու ժամկետով։

Գվինեայում իշխանության գլուխ կանգնած են զինվորականները, որոնք Դումբույայի գլխավորությամբ պետական հեղաշրջում են իրականացրել 2021 թվականի սեպտեմբերին՝ իշխանությունից հեռացնելով այդ ժամանակ հանրապետության նախագահի պաշտոնը զբաղեցնող Ալֆա Կոնդեին։ Մեկ ամիս անց Դումբույան երդվմնակալություն է տվել որպես անցումային շրջանի նախագահ։ Ակնկալվում է, որ նախագահական ընտրություններից հետո Գվինեայում տեղի կունենան ազգային խորհրդարանի ընտրություններ, որոնք կավարտեն անցումային շրջանը և երկիրը կվերադարձնեն կառավարման քաղաքացիական ձևին։