Գերմանիայում կարծում են, որ վերջին կիբերհարձակումները, դիվերսիաները և ապատեղեկատվական արշավները կարող են դառնալ նոր պատերազմի սկիզբ, որի դեպքում երկիրը մշակել է գաղտնի պլան, հայտնում է Politico-ն:
Պարբերականը ծանոթացել է Գերմանիայի համար նախատեսված պլանին, որտեղ շարադրված է, թե ինչպես է Բեռլինը կազմակերպելու պաշտպանությունը՝ ՆԱՏՕ-ի շրջանակներում հնարավոր հակամարտության դեպքում: Ուկրաինա լայնամասշտաբ ներխուժումից հետո Ռուսաստանի կողմից աճող սպառնալիքի պատճառով Գերմանիան ստանձնել է ՆԱՏՕ-ի լոգիստիկայի և համալրումների պլանավորման հարցում հիմնական դերը:
Փաստաթղթում նշվում է, որ հիբրիդային միջոցները «կարող են հիմք հանդիսանալ ռազմական առճակատման նախապատրաստման համար»: Կիբերգործողությունները կամ ազդեցության արշավները որպես սովորական ճնշում դիտարկելու փոխարեն՝ պլանը դրանք ուղղակիորեն ներառում է ռազմական էսկալացիայի տրամաբանության մեջ:
Հնարավոր հակամարտության շրջանակներում փաստաթուղթը Գերմանիան ներկայացնում է որպես օպերատիվ բազա և տարանցիկ միջանցք ՆԱՏՕ-ի այն զորքերի համար, որոնք կարող են ճնշման տակ հայտնվել վաղ փուլում: Մասնավորապես, հարցը վերաբերում է երկրի դերին՝ որպես Դաշինքի զորքերի տեղաշարժի և մատակարարման հիմնական հանգույց։
Այս 24-էջանոց փաստաթուղթը դասակարգվում է որպես պլանի, այսպես կոչված, «թեթևացված տարբերակ»։ Դրա նպատակն է համակարգել քաղաքացիական և ռազմական սուբյեկտների գործողությունները՝ Գերմանիայի դերը որպես դաշնակից զորքերի համար տարանցիկ հանգույց սահմանելու համար։
Նշվում է, որ հակամարտության դեպքում Գերմանիան կդառնա «առաջնահերթ թիրախ՝ հեռահար գործողության զինատեսակների կիրառմամբ հարձակումների համար»։ Ենթադրվում է, որ դրանք ուղղված կլինեն ինչպես ռազմական, այնպես էլ քաղաքացիական ենթակառուցվածքների դեմ։
Պարբերականը նկատում է, որ վերջին ամիսներին Գերմանիան և նրա դաշնակիցները բախվել են մի շարք հիբրիդային հարձակումների։ Դրանք արտացոլում են փաստաթղթում նկարագրված սցենարները։
Բացի այդ, արձանագրվել է ռուսական լրտեսության, կիբերհարձակումների և քաղաքական ինստիտուտների, կրիտիկական ենթակառուցվածքների ու հասարակական կարծիքի վրա ազդելու փորձերի աճ։ Ընդ որում, երկրի ներքին գործերի նախարար Ալեքսանդր Դոբրինդտը երկիրն անվանել է «հիբրիդային պատերազմի ամենօրյա թիրախ»։





























