Եվրոպական միության դեսպանները ծրագրում են ընդունել Ռուսաստանի դեմ պատժամիջոցների 20-րդ փաթեթը՝ մինչև Ուկրաինայում լայնամասշտաբ ներխուժման չորրորդ տարելիցը, հայտնում է Welt-ը:

Պարբերականի տեղեկություններով՝ պատժամիջոցների նպատակն է Մոսկվայի հետագա պատժիժը՝ Ուկրաինայի դեմ նրա ագրեսիվ պատերազմի համար և ռուսական տնտեսության լրացուցիչ թուլացումը:

Նախատեսվում են ճամփորդական սահմանափակումներ և ԵՄ-ում այլ անձանց ու կազմակերպությունների ակտիվների սառեցում, ընդ որում՝ հատուկ ուշադրություն է դարձվելու այն անձանց վրա, ովքեր պատասխանատու են երեխաների տեղահանման և գաղափարական վերադաստիարակման համար:

Եվրոպացի դիվանագետների փոխանցմամբ՝ նախատեսվում են նաև հավելյալ պատժամիջոցներ կիրառել էներգետիկ և բանկային ոլորտներում: Բացի այդ, ծրագրվում է վերացնել գոյություն ունեցող պատժամիջոցների շրջանցման համար նախատեսված «լծակները»։

Բրյուսելում քննարկվում է ռուսական ուրանի ներկրման արգելքի և այդպիսով, Ռուսաստանի Ատոմային էներգիայի դաշնային գործակալության («Ռոսատոմ») դեմ պատժամիջոցների սահմանման հնարավորությունը։

Ինչպես նշում է պարբերականը, նման սահմանափակումները վաղուց են պահանջում ԵՄ բազմաթիվ պետություններ։ Սակայն մինչ այժմ առկա է դիմադրություն այնպիսի երկրների կողմից, ինչպիսիք են Ֆրանսիան և Բելգիան։

Դիվանագիտական շրջանակների տվյալներով՝ այդ պետությունները կարող էին իրենց ատոմակայանների աշխատանքի համար անհրաժեշտ ուրանը գնել նաև Հարավային Աֆրիկայից, Ավստրալիայից կամ Կանադայից, սակայն ավելի բարձր գներով։