Շաբաթ օրը գիշերըմ տեղի ժամանակով ժամը մոտ 2-ին, Վենեսուելայի մայրաքաղաք Կարակասում լսվել են առնվազն յոթ պայթյուններ եւ ցածր թռչող ինքնաթիռների ձայներ, տեղեկացրել է Associated Press-ը։
Քաղաքի շրջաններում մարդիկ փողոցներ են վազել։
Վերջին օրերին ԱՄՆ զինված ուժերը թմրանյութեր տեղափոխելու կասկածանքով հարձակվել են նավերի վրա: Ուրբաթ Վենեսուելան հայտնել է ԱՄՆ-ի հետ թմրանյութերի ապօրինի շրջանառության դեմ պայքարի համաձայնագրի շուրջ բանակցություններ վարելու պատրաստակամության մասին:
Նախագահ Նիկոլաս Մադուրոն հինգշաբթի հեռարձակված հարցազրույցում նաեւ հայտարարել է, որ ԱՄՆ-ը ցանկանում է Վենեսուելայում իշխանափոխություն իրականացնել եւ հասանելիություն ստանալ նրա հսկայական նավթային պաշարներին՝ ամիսներ տեւող ճնշման արշավի միջոցով, որը սկսվել է օգոստոսին Կարիբյան ավազանում ռազմուժի զանգվածային տեղակայմամբ:
ԱՄՆ-ը Մադուրոյին մեղադրել է թմրաահաբեկչության մեջ:
ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը ամիսներ շարունակ սպառնում էր, որ շուտով կարող է հրաման տալ հարվածներ հասցնել Վենեսուելայի տարածքում գտնվող թիրախներին: ԱՄՆ-ը նաեւ բռնագրավել է պատժամիջոցների տակ գտնվող նավթատարներ Վենեսուելայի ափերի մոտ, Թրամփը նաեւ հրամայել է շրջափակել այլ լցանավեր:
Ամերիկացի զինվորականները սեպտեմբերի սկզբից գրոհում են Կարիբյան ավազանում եւ Խաղաղ օվկիանոսի արեւելքում գտնվող նավերի վրա: Ուրբաթ օրվա դրությամբ, Թրամփի վարչակազմի հրապարակած տվյալների համաձայն, նավակների վրա հայտնի գրոհների թիվը 35 է, զոհերի թիվը հասնում է առնվազն 115-ի:
Դրանք տեղի են ունեցել Հարավային Ամերիկայի ջրերում ԱՄՆ ուժերի զանգվածային կուտակման հետեւանքով, այդ թվում՝ նոյեմբերին երկրի ամենաժամանակակից ավիակիրի ժամանումից հետո, որը հազարավոր զինվորներ է ավելացրել տարածաշրջանում արդեն իսկ ընթացքում ամենամեծ ռազմական ներկայությանը։
Թրամփը նավերին հասցված հարվածներն արդարացրել է որպես անհրաժեշտ թեժացում՝ Միացյալ Նահանգներ թմրանյութերի հոսքը կանխելու համար՝ պնդելով, որ ԱՄՆ-ը ներգրավված է թմրակարտելների հետ «զինված հակամարտության» մեջ։




























