Վենեսուելայի արտաքին գործերի նախարար Իվան Խիլը կտրուկ հայտարարություն է արել՝ մեղադրելով Միացյալ Նահանգներին երկրրի դեմ ռազմական ագրեսիա իրականացնելու մեջ։

Վենեսուելայի Բոլիվարյան Հանրապետության արտաքին գործերի նախարարության պաշտոնական հաղորդագրության համաձայն՝ հարվածներն ուղղված են եղել քաղաքացիական եւ ռազմական թիրախներին Կարակասում, ինչպես նաեւ Միրանդա, Արագուա եւ Լա Գուայրա նահանգներում։

Փաստաթղթում նշվել է, որ ԱՄՆ գործողությունները ՄԱԿ կանոնադրության, մասնավորապես՝ պետական ​​ինքնիշխանության, իրավական հավասարության եւ ուժի կիրառման արգելքի սկզբունքների կոպիտ խախտում են։ Կարակասը նշել է, որ միջադեպը սպառնալիք է ներկայացնում միջազգային խաղաղության եւ կայունության համար, մասնավորապես՝ Լատինական Ամերիկայում եւ Կարիբյան ավազանում, եւ վտանգի է ենթարկում միլիոնավոր մարդկանց կյանքը։

Վենեսուելայի իշխանությունները կարծում են, որ ենթադրյալ գրոհի նպատակը երկրի ռազմավարական ռեսուրսների, այդ թվում՝ նավթի եւ հանքանյութերի նկատմամբ վերահսկողություն հաստատելն է, ինչպես նաեւ ուժ գործադրելու փորձը երկրի քաղաքական ուղղությունը փոխելու համար։ Հայտարարության մեջ ընդգծվել է, որ Վենեսուելայի կառավարությունն ու ժողովուրդը մտադիր են պաշտպանել իրենց անկախությունը եւ մերժել դրսից իշխանափոխություն պարտադրելու ցանկացած փորձ։ Ըստ տեղեկությունների՝ նախագահ Նիկոլաս Մադուրոն հրամայել է իրականացնել ազգային պաշտպանության ծրագրեր՝ համաձայն երկրի Սահմանադրության եւ գործող օրենսդրության։

Իշխանությունները Վենեսուելայի ողջ տարածքում հայտարարել են արտաքին արտակարգ դրություն մտցնելու մասին՝ վկայակոչելով բնակչությանը պաշտպանելու եւ պետական ​​ինստիտուտների գործունեությունն ապահովելու անհրաժեշտությունը։

Բացի այդ, հայտարարվել է Համալիր պաշտպանության հրամանատարության տեղակայման, ինչպես նաեւ զինված ուժերի եւ անվտանգության ուժերի մոբիլիզացիայի մասին ազգային, տարածաշրջանային եւ մունիցիպալ մակարդակներում։ Կառավարությունը կոչ է արել երկրի հասարակական եւ քաղաքական կազմակերպություններին աջակցել այս միջոցառումներին։

Հայտարարության ավարտին Վենեսուելայի իշխանությունները մեջբերել են նախկին նախագահ Ուգո Չավես Ֆրիասի խոսքերը՝ ընդգծելով ազգային միասնության անհրաժեշտությունը. «Ցանկացած նոր դժվարության առջեւ, անկախ նրանից, թե որքան մեծ են դրանք, բոլոր հայրենասերների արձագանքը միասնությունն է, պայքարը, մարտը եւ հաղթանակը»։

Կարակասը միաժամանակ հայտնել է ՄԱԿ Անվտանգության խորհրդին, ՄԱԿ գլխավոր քարտուղարին եւ տարածաշրջանային ու միջազգային կազմակերպություններին, այդ թվում՝ Լատինական Ամերիկայի եւ Կարիբյան ավազանի պետությունների միությանը եւ Չմիանալու շարժմանը պաշտոնական բողոքներ ներկայացնելու մտադրության մասին։ Վենեսուելան հայտարարում է ինքնապաշտպանության իր իրավունքը՝ համաձայն ՄԱԿ կանոնադրության 51-րդ հոդվածի։