Կամբոջան շաբաթ օրը հարեւան Թաիլանդին կոչ է արել դուրս բերել իր զորքերը այն շրջաններից, որոնք Պնոմպենը համարում է իրենը, այն բանից մեկ շաբաթ հետո, երբ հրադադարը վերջ դրեց մահասփյուռ բախումներին նրանց վիճելի սահմանի երկայնքով, տեղեկացրել է AFP-ն։

Հարավարեւելյան Ասիայի երկու հարեւան երկրների միջեւ երկարատեւ վեճը անցյալ տարի մի քանի անգամ վերածվել է ռազմական բախումների, որոնց հետեւանքով դեկտեմբերին երկու կողմերից էլ տասնյակ մարդիկ են մահացել եւ գրեթե մեկ միլիոն մարդ տեղահանվել է։ Դեկտեմբերի 27-ին երկու երկրները համաձայնեցին հրադադարի մասին՝ վերջ դնելով երեք շաբաթ տեւած բախումներին։

Կամպոջան պնդում է, որ այս ընթացքում Թաիլանդը գրավել է չորս սահմանային նահանգների մի քանի տարածքներ։ Շաբաթ օրը հրապարակված հայտարարության մեջ Պնոմպենի արտաքին գործերի նախարարությունը պահանջել է «թաիլանդական զինվորական անձնակազմի եւ սարքավորումների դուրսբերումը Կամպուչիայի թագավորության տարածքից՝ դեպի օրինականորեն սահմանված սահմանին լիովին համապատասխանող դիրքեր»։

Թաիլանդական բանակը հերքել է Կամպուչիայի տարածքը գրավելու համար ուժի կիրառումը՝ պնդելով, որ իր զորքերը գտնվում են այն տարածքներում, որոնք միշտ պատկանել են Թաիլանդին։ Կամպուչիայի արտաքին գործերի նախարարությունը եւս կոչ է արել Թաիլանդին անհապաղ դադարեցնել «բոլոր թշնամական ռազմական գործողությունները» սահմանի երկայնքով եւ «Կամպուչիայի տարածքում»։

Երկու երկրների միջեւ սահմանային հակամարտությունը ծագել է գաղութային դարաշրջանի 800 կիլոմետրանոց սահմանի սահմանազատման շուրջ վեճից, երկու կողմերն էլ պնդում են տարածքի եւ դարավոր տաճարների ավերակների հանդեպ իրենց հավակնությունների մասին։

Ուրբաթ օրը Կամպոջայի տեղեկատվության նախարար Նետ Ֆեակտրան մեղադրել է Թաիլանդին սահմանային Չուկ Չեյ գյուղը «անօրինական կերպով անեքսիայի» ենթարկելու մեջ: Թաիլանդի զինվորականները վիճարկել են Պնոմպենի պնդումը, իսկ վարչապետ Անութին Չարնվիրակուլը հայտնել է, որ իր երկիրը «երբեք չի խախտել մեկ այլ երկրի ինքնիշխանությունը եւ գործել է միջազգային նորմերին համապատասխան»: