Շաբաթ օրը Սիրիան սկսել է ազգային նոր արժույթի շրջանառման գործընթացը, քանի որ ճգնաժամից տուժած երկիրը ձգտում է կայունացնել տնտեսությունը, որը վերականգնվում է երկրի նախկին նախագահ Բաշար Ասադի կառավարության տապալումից հետո, տեղեկացրել է Associated Press-ը։

Այս շաբաթ ավելի վաղ նախագահ Ահմադ աշ-Շարաայի հրապարակած հրամանագրում նշվել է, որ «հին սիրիական արժույթը» աստիճանաբար կհանվի շրջանառությունից՝ այն ժամանկացույցի համաձայն, որը սահմանել է կենտրոնական բանկը, եւ հատուկ փոխանակման կետերի միջոցով։

Կենտրոնական բանկի ղեկավար Մոհլես Նազերը X սոցցանցում հրապարակել է հաղորդագրություն այն մասին, որ նախապատրաստական մի քանի շաբաթներից հետո շաբաթ օրն առավոտյան պաշտոնապես սկսվել է հին սիրիական ֆունտ սթեռլինգների փոխանակումը նոր թղթադրամներով։

Նախագահի հրամանագիրը, որը հրապարակել է SANA պետական տեղեկատվական գործակալությունը, նախատեսում է, որ «նոր սիրիական արժույթը կթողարկվի երկու զրոների հեռացմամբ հին արժույթի անվանական արժեքից։

Դա նշանակում է, որ հին արժույթի  յուրաքանչյուր 100 սիրիական ֆունտ այժմ հավասար կլինի մեկ սիրիական ֆունտի։

Հին արժույթի ամենամեծ անվանական արժեքով թղթադրամը կազմում էր 5 000 սիրիական ֆունտ, նոր արժույթի պարագայում այն կազմում է 500 ֆունտ։