Մեծ Բրիտանիայի Թագավորական ռազմաօդային ուժերի Typhoon ինքնաթիռները միացել են ֆրանսիական ավիացիային և համատեղ հարված հասցրել Սիրիայում «Իսլամական պետություն» (ԻՊ) խմբավորման կողմից օգտագործվող ստորգետնյա զինապահեստին, հայտնել է BBC News-ը՝ հղում անելով Մեծ Բրիտանիայի Պաշտպանության նախարարությանը։

Հայտարարության մեջ նշվում է, որ հետախուզությամբ ճշտված օբյեկտը, ենթադրաբար, նախատեսված էր զենքի և պայթուցիկ նյութերի պահեստավորման համար և գտնվում էր լեռներում՝ Պալմիրայից հյուսիս՝ Սիրիայի կենտրոնական հատվածում գտնվող հնագույն քաղաքի մոտ։

«Մեր ինքնաթիռները կիրառել են կառավարվող Paveway IV ռումբեր՝ օբյեկտին տանող մի շարք թունելներին հարվածելու համար... նախնական տեղեկություններով, նպատակը հաջողությամբ խոցվել է»,— հայտնել են գերատեսչությունից։

Մեծ Բրիտանիայի Պաշտպանության նախարարությունը հավելել է, որ շաբաթ ուշ երեկոյան հասցված հարվածի հետևանքով քաղաքացիական բնակչությանը վնաս պատճառելու որևէ նշան չի եղել, և բոլոր ինքնաթիռները բարեհաջող վերադարձել են։

Typhoon FGR4 ինքնաթիռներն օգնության են բերվել Voyager լիցքավորող լցանավով։

«Այս գործողությունը ցույց է տալիս մեր առաջնորդությունը Միացյալ Թագավորությունում և վճռականությունը՝ ուս ուսի կանգնելու մեր դաշնակիցների հետ, որպեսզի կանխենք ԴԱԻՇ-ի (ԻԳԻԼ) ցանկացած վերածնունդ և նրանց վտանգավոր ու բռնի գաղափարախոսությունը Մերձավոր Արևելքում»,— հայտարարել է Մեծ Բրիտանիայի պաշտպանության նախարար Ջոն Հիլին։ Ըստ նախարարության, Թագավորական ռազմաօդային ուժերի ինքնաթիռները Սիրիայի վրա պարեկություն էին իրականացնում՝ 2019-ին Բաղուզի ճակատամարտում պարտությունից հետո ԻՊ-ի վերածնվելու ցանկացած փորձ կանխելու համար»։

Դեկտեմբերին ամերիկյան զինվորականները «զանգվածային հարված» էին հասցրել ԻՊ-ի օբյեկտներին Սիրիայում՝ այն բանից հետո, երբ Պալմիրայում հանկարծակի հարձակման հետևանքով զոհվել էին երկու ամերիկացի զինվոր և մի թարգմանիչ։

ՄԱԿ-ը պնդում է, որ ԻՊ-ն Սիրիայում և Իրաքում դեռևս ունի 5000–7000 զինյալ։