Տասնյակ հազարավոր տներ Բեռլինում մինչև հինգշաբթի կմնան առանց էլեկտրականության, քանի որ իշխանությունները փորձում են վերականգնել հոսանքի մալուխները, որոնք լրջորեն վնասվել են ենթադրյալ հրկիզման հետևանքով, հայտնում է AFP։
Որոշ տնային տնտեսություններ կարող են մնալ նաև առանց ջեռուցման, քանի որ անջատումն անդրադարձել է տեղական համակարգերի վրա այն ժամանակ, երբ Գերմանիայի մայրաքաղաքը ծածկված է ձյունով, իսկ ջերմաստիճանը տատանվում է զրոյի սահմաններում։
Շաբաթ առավոտյան արտակարգ ծառայությունները տեղեկացվել են, որ բարձր լարման մի քանի մալուխներ են բռնկվել էլեկտրակայանի մոտ գտնվող կամրջի վրա։ Հրշեջները արագ մարել են կրակը, սակայն Stromnetz Berlin էլեկտրացանցի օպերատորի տվյալներով, Բեռլինի հարավ-արևմտյան շրջաններում մոտ 45 500 տուն և 2200 ձեռնարկություն մնացել են առանց էլեկտրականության։
Բեռլինի իշխանությունները հայտարարել են, որ վնասի մեծության պատճառով շուրջ 35 000 տնային տնտեսություն կմնա առանց էլեկտրականության մինչև հինգշաբթի կեսօր, իսկ մյուս տներում հոսանքը պետք է վերականգնվի կիրակի առավոտյան։ Stromnetz Berlin-ը նախազգուշացրել է, որ վերանորոգման աշխատանքները «շատ երկար ժամանակ կպահանջեն», իսկ լրատվամիջոցները նշել են, որ ցուրտ եղանակը խանգարում է նոր ստորգետնյա մալուխների տեղադրմանը։
Ոստիկանությունը մոտ 160 աշխատակից է ուղարկել Լիխտերֆելդեի շրջանում տեղի ունեցած միջադեպի վայր և հայտարարել, որ «հրկիզման կասկածանքով հետաքննություն է իրականացվում»։
Նրանք շրջել են տուժած թաղամասերով բարձրախոսներով հագեցած ֆուրգոններով՝ կոչ անելով բնակիչներին հնարավորության դեպքում մնալ ընկերների կամ հարազատների տներում, խնայողաբար օգտագործել բջջային հեռախոսները և ձեռքի լապտերներ ունենալ։




























